Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները


ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։


 


Ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։


 


Ընդգծվել են Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:


 


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:


 


Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:


 


ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:


 


Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:


 


Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:

Leave a comment