ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա ու չի էլ եղել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում:
Փաշինյանը մինչ բուն թեմային անցնելը հերթական անգամ Տիգրանաշենն անվանել է ադրբեջանական տեղանունով՝ «Քյարքի», ու պնդել, որ այն Հայաստանի մաս չէ ու մյուս անկլավների հետ միասին չի մտնում 29,743 քկմ տարածքի մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ովքեր ասում են, որ թույլ չեն տալու (Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին-խմբ․), նրանք պատերազմ են հրահրում։ Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- ասել է Փաշինյանը։
Վերջում էլ ընդգծել է՝ իրենց կառավարության դիրքորոշումն է՝ Արարատի մարզում Տիգրանաշեն բնակավայր եղել է ու կլինի, բայց ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ, դա այլ հարց է։
Նա շեշտել է, որ շատ դժվար է եղել ու դժվար էլ լինելու է սահմանազատման գործընթացը և այն ավարտին հասցնելը։ Վստահեցրել է, թե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,743 քկմ տարածքը՝ այդպես էլ հստակ չպատասխանելով՝ արդյոք անձամբ Իլհամ Ալիևն էլ է ճանաչում այդ տարածքը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 10-ին մեկնել էր Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այնտեղից հայտարարել էր, որ իրենք զրուցել են գյուղի բնակիչների հետ ու պարզել՝ նրանք չեն ցանկանում լքել իրենց տները։ Նրանք նաև դժգոհել են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ծրագրեր այնտեղ չեն իրականացվել։ «Ուժեղ Հայաստանը» առաջարկել է զարգացնել գյուղը՝ զբոսաշրջային և գինեգործության բնագավառներով։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու յուրաքանչյուր անգամ այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում։ Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։ Այս ճանապարհով մի շարք բեռներ են անցնում տարեկան՝ Իրանից դեպի ՀՀ տարբեր մարզեր ապրանք փոխադրելու համար։