ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը նոր ընտրված գործընկերներին հորդորել է ստանալ գաղտնիության թույլտվություն և ծանոթանալ նախորդ գումարման ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձևավորված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին։
Ընդդիմադիր գործչի խոսքով, այդպես էլ կյանք չստացած զեկույցում բավականին հետաքրքիր շերտեր կան, աղմկահարույց մատնանշումներ, հայտնում է Panorama.am-ը:
«Դահլիճում ներկա է հատկապես մեր հանձնաժողովի փորձագետ, ԶՈւ գնդապետ Վահան Ավետիսյանը, որը շատ բան ունի այդ մասին պատմելու, բայց բաց նիստում ցավոք սրտի, չենք կարող: Ցավոք սրտի, դրանք իրավունք չունեմ հրապարակել, հակառակ դեպքում մեր հասարակության աչքերն ավելի լայն կբացվեն։ 48 մլն դոլարի մետաղի ջարդոն, որ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, հազար ու մի հարցեր։ Առաջիկայում վստահ եմ, 1-2 օրվա հարց է լինելու, գաղտնիության թույլտվությունը ստացեք, անպայման ծանոթացեք։ Տարողունակ զեկույց է, և շատ հարցեր այնտեղ կան»,-ասել է նա։
Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է՝ առաջարկելով Մանուկյանին մտածել այնպիսի նախաձեռնության մասին, որի միջոցով հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու նշված զեկույցին։
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի արխիվ (գաղտնի բաժին) և հանրությանը հասանելի չէ: