Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը, ծառայում է բանակում՝ ամենաբարդ խնդիրներ իրականացնող ստորաբաժանումում։
«Կրտսեր որդիս արդեն ծառայում է բանակում։ Այդ մասին ոչ ոք նույնիսկ չգիտեր։ Նրան զորակոչել է Վիկտորը [Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը]։ Նա ծառայում է այնպես, ինչպես հարկն է, մյուսների նման։ Նա լեյտենանտի կոչում ունի։ Չեմ ասի, թե որտեղ, բայց դա ամենաբարդ խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն է», — Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Բելտա լրատվական գործակալությունը։
Լուկաշենկոն նշել է, որ ազատ ժամանակ Նիկոլայը շարունակում է նաև ուսումնասիրել կենսատեխնոլոգիան։ Սա այն հիմնական ոլորտն է, որում նա բարձրագույն կրթություն է ստացել։