ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքու ու Արցախի տարածքներ այցերից հետո Հայաստան կայցելի։ Գրոնոն այս մասին ասել է ադրբեջանական Report-ին։

«Այո՛, այցելելու եմ»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստան այցելելու ծրագրերի մասին հարցին։

Գրոնոն նաև հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման ու տարածքների վերականգնման հարցերում։ Նա ասել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Ադրբեջանի հուսալի գործընկերը և աջակցում է տարբեր ծրագրերի, այդ թվում՝ խաղաղության օրակարգին և տարածաշրջանային համագործակցությանը։

«Աջակցելով խաղաղությանը՝ մենք նաև ձգտում ենք նպաստել անցյալի հակամարտությունների հետևանքների լուծմանը։ Սա ներառում է հակամարտությունից տուժած համայնքներին աջակցությունը, վերականգնումը և, մասնավորապես, ականազերծման հարցերը»,- նշել է նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը ողջունում է տարածաշրջանային զարգացումների դրական դինամիկան և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության  գործընթացը։ Նա ասել է, որ կարևոր գործնական քայլեր են իրականացվում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են սահմանի սահմանազատումը, տրանսպորտային կապը, առևտուրը և մարդկանց միջև շփումները։

«Մենք հույս ունենք, որ այս ամենը կստեղծի անհրաժեշտ պայմաններ և, ի վերջո, կհանգեցնի խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։

Մեկ այլ հարցազրույցում Գրոնոն նշել է, որ առկա են բազմաթիվ խնդիրներ՝ հարցերի լայն շրջանակով, որոնք անհրաժեշտ է լուծել։

«Դրանց թվում են նաև հակամարտության ժառանգության հետ կապված հարցերը։ Իհարկե, ցանկացած հակամարտության պայմաններում մշակութային և պատմական ժառանգության հարցերը նույնպես ապագայում կայուն խաղաղության ապահովման բաղկացուցիչ մասն են»,- հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացն իրականացվում է հենց կողմերի առաջնորդությամբ, և լիովին հարգում են դա, բայց պատրաստ են լինել գործընկեր և աջակցություն ցուցաբերել երկու երկրներին գործնական քայլերի իրականացման հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի 

 

 

 

Leave a comment