Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզային դատարանը չեղարկել է ընտրական հանձնաժողովի՝ տարածաշրջանային օրենսդիր ժողովի ընտրություններում «Յաբլոկո» (հայ․՝ «Խնձոր») կուսակցության ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումը։
Դատարանի այս որոշումը կայացվել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ներկայացրած հայցի հիման վրա, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից։
«Դատարանը որոշել է բավարարել վարչական հայցը։ [Պարտավորեցնում է] չեղարկել Տոմսկի մարզի օրենսդիր դումայի պատգամավորների ընտրություններին մասնակցող «Յաբլոկո» կուսակցության տոմսկյան տարածաշրջանային բաժանմունքի կուսակցական ցուցակի գրանցումը», — հայտարարել է դատավոր Մաքսիմ Պետրովսկին։
Ավելի վաղ ՌԼԴԿ-ն հայց էր ներկայացրել Տոմսկի մարզային դատարան՝ պահանջելով չեղարկել օրենսդիր ժողովի ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության ցուցակի գրանցումը։ Այդ քայլի պատճառ էին դարձել սոցիալական ցանցերում նախընտրական քարոզչությանն առնչվող խախտումները, ինչպես նաև մտավոր սեփականությանն ու քարոզարշավի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրները։ Նմանատիպ հայցերի հետևանքով կուսակցության ցուցակները հանվել էին ընտրապայքարից Կարելիայում, ինչպես նաև Պսկովի, Սվերդլովսկի և Կալինինգրադի մարզերում, իսկ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում մերժվել էր դրանց գրանցումը։