Առատ բերքը գյուղացու համար պիտի տարվա ամենաուրախ պահը լիներ։
Բայց Արմավիրի մարզի գյուղերում այս օրերին այն ավելի շատ մտահոգության պատճառ է․ այգիները լի են սալորով ու դեղձով, իսկ բերքի մի մասը դեռ չի իրացվել։
Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ հայկական գյուղմթերքի համար նոր շուկաներ են բացվում, իսկ արտահանման ծավալներն ավելանում են։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տարբեր ամբիոններից վստահեցնում է, որ գյուղմթերքի իրացման խնդիր չկա։
Գյուղում, սակայն, իրավիճակն այլ է։ Արմավիրի մարզի բնակիչ Գարիկ Մուսայելյանի խոսքով՝ այգեգործների հիմնական մտահոգությունն այսօր այն է, որ բերքը կարող է փչանալ՝ մինչև գնորդ գտնելը։ «Բերքը կա, բայց գնորդ չկա։ Մեր ամբողջ տարվա աշխատանքը հիմա ծառերի վրա է։ Ամեն օր նայում ենք՝ ինչքանն է փչացել, ինչքանն է մնացել»,- MediaHub-ին ասաց Գարիկը։
Սալորի ու դեղձի սեզոնը մոտենում է ավարտին, իսկ մի քանի օրից սկսվելու է խաղողի բերքահավաքը։ Գյուղացիները դեռ չեն հասցրել լուծել նախորդ բերքի իրացման հարցը և արդեն մտածում են՝ ինչ է լինելու խաղողի հետ։ «Մի քանի օրից խաղողը պիտի հավաքենք։ Բայց հիմա արդեն մտածում ենք՝ եթե սալորը, դեղձը չենք կարողանում նորմալ վաճառել, խաղողի հետ ի՞նչ է լինելու։ Մարդիկ բառացիորեն չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց նա։
Խնդիրը միայն գինը չէ։ Գյուղացիները պատրաստ են զիջել, միայն թե ամիսների աշխատանքի արդյունքը չմնա այգում։ Գնորդ փնտրելու համար իրենք են զանգահարում խանութներին, մթերողներին ու վերամշակողներին։ «Մենք պատրաստ ենք նույնիսկ ավելի էժան տալ, միայն թե բերքը չփչանա։ Գյուղացին ուզում է իր աշխատանքի գոնե մի մասը հետ ստանալ»։
Գարիկի խոսքով՝ եթե այսօր այս խնդիրը չլուծվի, դրա հետևանքը կարող է հասնել հաջորդ գյուղատնտեսական սեզոն։ «Գյուղացին կարող է կրճատել այգիները կամ հրաժարվել այն մշակաբույսերից, որոնց իրացումը կանխատեսելի չէ։ Որովհետև գյուղատնտեսության համար վտանգավոր է ոչ միայն բերքի կորուստը։ Ավելի լուրջ խնդիր է, երբ գյուղացին սկսում է կասկածել՝ արժե՞ արդյոք հաջորդ տարի նույնքան ծախսել ու աշխատել»։
Այսօր Արմավիրի մարզի գյուղացիների ակնկալիքը պարզ է՝ արտահանման մասին հայտարարություններից բացի, պետք են շուկաներ, որտեղ իրենց աճեցրած բերքն իրականում կվաճառվի։
Հունան Թադևոսյան