Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախկին անդամ Հայկ Սարգսյանի հարցազրույցում հնչած հայտարարություններին, նրա հետ հարաբերությունների լարման պատճառներին, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Ֆրանսիայից արտահանձնելու մերժմանը:

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի այն պնդումներին, թե ՔՊ-ում հարաբերությունները լարվել են իր ներկուսակցական ինքնաքննադատության և Տավուշում ապօրինի ծառահատումների թեման բարձրացնելու պատճառով, Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները որակել է «ծայրահեղ անազնիվ»: Վարչապետի խոսքով՝ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են ոչ թե քննադատության, այլ նրա անվան հետ կապված մի շարք չարաշահումների և բացահայտումների պատճառով։

Փաշինյանը նշել է, որ Սարգսյանը դեռ 2018 թվականից ցուցաբերել է «օլիգարխ դառնալու հավակնություններ», ինչի զարգացումն ինքը թույլ չի տվել: Ըստ վարչապետի՝ պարզվել է, որ Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ներգրավված են եղել ավազի հանքերի ապօրինի շահագործման մեջ, ինչպես նաև Սարգսյանն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ շահարկելով վարչապետի անունը:

Վարչապետը հայտնել է նաև, որ կուսակցության վարչության նիստում Հայկ Սարգսյանին խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ ցուցակում չընդգրկելը եղել է քաղաքական պատասխանատվության արդյունք։ Մեկնաբանելով Սարգսյանի այն պնդումը, թե ներկուսակցական քննարկումների ինստիտուտը դադարել է գործել, Փաշինյանը պարզաբանել է, որ նախորդ տարվա նոյեմբերից՝ նոր վարչության ընտրվելուց հետո, ՔՊ-ի աշխատակարգը փոխվել է և ամբողջությամբ անցել նախընտրական տրամաբանության: Առաջիկա ընտրությունների, ԱԺ երկարատև նիստերի և ընտրական գործընթացների պատճառով աշխատանքային ֆորմատները վերաձևակերպվել են:

Լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արտահանձնման դիմումը մերժելու հարցը քննարկե՞լ է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ընդգծված հեգնանքով:

Վարչապետը կատակել է, թե Խաչատրյանը «քաղաքական հետապնդումների զոհ է», ով տարիներ շարունակ պայքարել է «ժողովրդավարության և մարդու իրավունքների համար», ուստի Ֆրանսիայի նախագահը չի ցանկանում նման «գաղափարական մարտիկին» հանձնել Հայաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment