«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է հինգ խորհուրդ, որոնք կօգնեն կարգավորել ընտանեկան բյուջեն, վերականգնել խնայողությունների սովորական ռիթմը և պատրաստվել հաջորդ խոշոր ծախսերին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում շատ ընտանիքների համար արձակուրդը տարվա ծախսերի ամենազգալի հատվածներից մեկն է: Ավիատոմսերը, կացությունը, ռեստորանները, տաքսին, շոփինգն ու նվերները կարող են զգալիորեն հարվածել ընտանեկան բյուջեին, իսկ վերադառնալուց հետո մինչև հաջորդ աշխատավարձը հաճախ ստիպված ես լինում ավելի ուշադիր հետևել ծախսերին:
Սակայն խիստ խնայողության ռեժիմի անցնելն պարտադիր չէ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է հինգ խորհուրդ, որոնք կօգնեն կարգավորել ընտանեկան բյուջեն, վերականգնել խնայողությունների սովորական ռիթմը և պատրաստվել հաջորդ խոշոր ծախսերին:
1․ Իրականացրել ֆինանսական գույքագրում
Բացեք բանկային հավելվածը և նայեք, թե որքան գումար է մնացել մինչև հաջորդ եկամուտը, և ինչ պարտադիր վճարումներ են սպասվում:
Ծախսերը հարմար է բաժանել երեք խմբի՝ պարտադիր, կարգավորվող և ոչ պարտադիր: Առաջինին պատկանում են կոմունալ վճարումները, վարկերը, մթերքը և տրանսպորտը: Կարգավորվող ծախսերն են՝ հագուստը, կենցաղային գնումները, կապը, բաժանորդագրությունները, այսինքն՝ այն ամենը, ինչը կարելի է կրճատել առանց կյանքի սովորական ռիթմին լուրջ վնաս հասցնելու: Ոչ պարտադիր են ժամանցը, սննդի առաքումը, անսպասելի գնումները և այլ ծախսեր, որոնցից կարելի է ժամանակավորապես հրաժարվել:
Այդպես ավելի հեշտ է հասկանալ, թե որքան դրամ է իրականում մնում ազատ, ոչ թե առաջնորդվել այն զգացողությամբ, թե «արձակուրդից հետո ոչինչ չի մնացել»:
Որպես ուղենիշ կարող է ծառայել հայտնի 50/30/20 կանոնը, որի համաձայն առաջարկվում է զուտ եկամտի մինչև կեսն ուղղել պարտադիր ծախսերին, մոտ 30%-ը՝ ոչ պարտադիր ծախսերին և 20%-ը՝ խնայողություններին: Սակայն դա էլ բավականին հարաբերական է. տարբեր ընտանիքներում գործում են իրենց կանոնները՝ կախված մի շարք գործոններից՝ բնակարանի բարձր արժեքից, երեխաների թվից, վարկերի առկայությունից և այլն: Ուստի այստեղ թվերը կարող են էապես տարբերվել:
2․ Մի քանի շաբաթով կրճատել ոչ պարտադիր ծախսերը
Առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում կարելի է փոքր-ինչ նվազեցնել առաքման, տաքսիի, ժամանցի և անսպասելի գնումների ծախսերը: Խոսքը լիակատար արգելքի մասին չէ, այլ ժամանակավոր սահմանափակումների։
Եթե, օրինակ, տաքսիի և առաքման վրա սովորաբար ծախսվում է ամսական 30 հազար դրամ (պայմանականորեն), այդ գումարի կիսով չափ կրճատումը թույլ կտա ազատել փողերի կեսը՝ առանց ապրելակերպի կտրուկ փոփոխության:
Հայկական ընտանիքի համար ծախսերի նկատելի հատված կարող են լինել հանդիպումները, խնջույքները և սեղանի համար գնումները: Հյուրասիրությունից հրաժարվելը պարտադիր չէ. բավական է նախապես որոշել այն գումարը, որը պատրաստ եք ծախսել:
3․ Գտնել փողերի աննկատ «արտահոսքերը»
Ստուգեք բաժանորդագրությունները, ավտոմատ գանձումները, բանկային միջնորդավճարները, հաճախակի առաքումները և այլ կանոնավոր ծախսեր, որոնք կատարվում են գրեթե աննկատ:
Օգտակար է նայել ոչ միայն մեկ գնման արժեքին, այլև նրան, թե որքան դա արժեք տարեկան կտրվածքով: Օրինակ՝ օրական հազար դրամի ծախսը տարեկան կազմում է մոտ 365 հազար դրամ:
Նույնիսկ մի քանի չեղարկված բաժանորդագրություն կամ ամենօրյա փոքր ծախսերի կրճատում կարող են ազատել գումար, որը հետագայում կարելի է ուղղել խնայողություններին:
4․ Կրկին սկսել խնայել
Եթե արձակուրդից առաջ կամ ընթացքում խնայողությունների կանոնավոր հատկացումներ չէին արվում, պարտադիր չէ անմիջապես վերադառնալ նախկին գումարին:
Կարևոր է կրկին սկսել խնայել. թեկուզ սկզբում փոքր ֆիքսված գումար կամ եկամտի որոշակի տոկոս:
Ամենահեշտն այս գործընթացն ավտոմատացնելն է և փոխանցումը դեպի առանձին հաշիվ կարգավորելն անմիջապես աշխատավարձը ստանալուց հետո: Այդ ժամանակ խնայողությունները դառնում են բյուջեի մաս, ոչ թե այն, ինչ մնում է ամսվա վերջում:
5․ Արդեն հիմա սկսել կուտակել հաջորդ արձակուրդի համար
Արձակուրդից հետո ֆինանսական սթրեսի պատճառներից մեկը ուղևորության զգալի մասը մեկ կամ երկու ամսվա եկամուտներից վճարելու անհրաժեշտությունն է:
Դրանից կարելի է խուսափել, եթե նախապես որոշեք հաջորդ հանգստի մոտավոր արժեքը և այն բաժանեք մինչև ուղևորությունը մնացած ամիսների թվի վրա:
Օրինակ, եթե ապագա արձակուրդն արժենալու է մոտ 600 հազար դրամ, իսկ դրան մնում է 10 ամիս, ամսական պահանջվելու է հետ գցել 60 հազար դրամ:
Այդպես արձակուրդը խոշոր ծախսից վերածվում է ընտանեկան բյուջեի սովորական պլանային հոդվածի:
Հիմնական սկզբունքը՝ վերադարձնել վերահսկողությունը, ոչ թե խնայել ցանկացած գնով
Արձակուրդից հետո ֆինանսական դետոքսը խիստ խնայողություն չէ, այլ ծախսերի նկատմամբ վերահսկողության վերադարձ: Որքան արագ վերադառնաք ծախսերը պլանավորելու և փող հետ գցելու սովորությանը, այնքան փոքր է հավանականությունը, որ հաջորդ խոշոր ծախսը ստիպված կլինեք ծածկել վարկով կամ ռեզերվների հաշվին:
Ինչից սկսել այսօր
· Ստուգել վերջին ամսվա ծախսերը և դրանք բաժանել պարտադիր, կարգավորվող և ոչ պարտադիր խմբերի:
· Չեղարկել անպետք բաժանորդագրությունները և ավտովճարումները:
· 2–3 շաբաթով սահմանել լիմիտ տաքսիի, առաքման և անսպասելի գնումների համար:
· Կրկին սկսել եկամտի մի մասը փոխանցել կուտակային հաշվին:
· Հաշվարկել հաջորդ արձակուրդի արժեքը և խնայողությունների ամսական գումարը:
Եվ մի փոքր առողջ հայկական պրագմատիզմ
Մենք սիրում ենք համով ապրել՝ գնել լավագույնը, սեղաններ գցել, հյուրեր կանչել. «դե ո՞նց կլինի առանց դրա»: Այս սովորությունից ամբողջովին հրաժարվել ընդհանրապես պետք չէ:
Ֆինանսական դետոքսը «ձանձրալի ապրելու» մասին չէ», այլ այն մասին, որ պետք է հաճույք ստանալ այսօր և չփչացնել տրամադրությունը վաղը:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։