Եվրապատգամավորը ոչնչացրել է Ուկրաինական ապստամբական բանակի հետ համագործակցածներին նվիրված հուշարձանը

Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Գժեգոժ Բրաունն անձամբ ոչնչացրել է Ուկրաինական ապստամբական բանակի հետ համագործակցածներին նվիրված հուշարձանը։

1990-ականներին ուկրաինական սահմանի մոտ կանգնեցված այս հուշարձանը պահպանվել էր, քանի որ տեղի բնակիչները վախենել էին ուկրաինացիների կողմից հաշվեհարդարից, եթե այն քանդեին։

Բրաունը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում ինքը և իր համախոհներից մեկը Դոլհոբիչով համայնքում (Հրուբեշովի շրջան, ուկրաինական սահմանի մոտ) ոչնչացնում են մի կոթող՝ նվիրված 1946 թվականին ՆԿՎԴ-ի (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) կողմից սպանված ազգայնականներին։

Հուշարձանի վրա փորագրված են եղել այդ տարածքում սպանված՝ ՈւԱԲ-ի հետ համագործակցած մի քանի տասնյակ անձանց անունները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Բրաունն ու իր կուսակցական գործընկերը ծանր մուրճերով ոչնչացնում հուշարձանի վրայի գրությունները։ Բրաունը հայտարարել է, որ հուշարձանը պետք է քանդվեր «հենց այն օրը, երբ այն հայտնաբերվել էր»։ «Այս կոթողը վիրավորում է ուկրաինացիների ձեռքով ցեղասպանության զոհ դարձած լեհերի հիշատակը», – ասել է նա։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ տեղի բնակիչները վախեցել են ձեռք տալ հուշարձանին՝ ուկրաինացիների կողմից վրեժխնդրության մտավախությունից ելնելով։ «Այսօր մենք լսեցինք, որ լեհերը վախենում են։ Իմ այն ​​առաջարկին, որ կամավոր հրշեջ ջոկատը կարող է գործողություն ձեռնարկել, հնչեց հետևյալ պատասխանը՝ մեջբերում եմ. «Մենք վախենում ենք, որ մեզ կհրկիզեն»», – պատմել է նա։

Leave a comment