Ներկայացվել են ՀՀ-ում GIZ-ի կողմից իրականացվող կիբեռանվտանգության ծրագրի նպատակները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նպատակները, առանցքային ուղղությունները և ընթացիկ աշխատանքները։

Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը ՀՀ կառավարության և նախարարության սահմանած առաջնահերթություններին համապատասխանեցնելու, ոլորտում առկա կարիքներին ու մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները։

Անդրադառնալով կիբեռանվտանգության համակարգի զարգացմանը՝ կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ոլորտային քաղաքականության և կարգավորումների կատարելագործումը, տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։

Ընդգծվել է, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումն առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ ծրագրային աջակցությունն առավել արդյունավետ կերպով Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին ծառայեցնելու նպատակով։

Leave a comment