2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանն Ադրբեջանից մոտ 18 մլն դոլարի ապրանք է ներմուծել, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանում չի արձանագրվել, գրում է «Հետքը»:
Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ Ադրբեջանից ներմուծվել է 17.8 մլն դոլար արժողությամբ նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, ինչպես նաև 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։
Ադրբեջանական վառելիքի ներմուծումը Հայաստան լայն քննարկումների առիթ է դարձել դեռևս 2025 թվականի դեկտեմբերին, երբ մեկնարկել են ներկրումները: Իշխանություններն այդ գործընթացը գնահատել են որպես Հայաստանի տնտեսության և խաղաղության համար ձեռքբերում, մինչդեռ ընդդիմախոսներն այն բնորոշել են որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնել։
Ներմուծումների մեկնարկից մոտ կես տարի անց, 2026 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 299 մլն դոլարի նավթամթերք։ Այսպիսով, այդ ներմուծման ընդհանուր արժեքում Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 6%։
Մաքսային ծառայության բաց տվյալների բազայում ներկայացված է «նավթամթերք» խոշորացված ապրանքախմբի վիճակագրությունը, որի հիմնական մասը բաժին է ընկել բենզինին, դիզելային և ավիացիոն վառելիքին, իսկ ավելի փոքր բաժինը՝ մազութին, նավթին ու քսայուղերին։
2025 թվականի առաջին վեց ամիսների համեմատ Հայաստան ներկրված նավթամթերքի ընդհանուր ծավալն ավելացել է մոտ 30%-ով։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ամենախոշոր մատակարար է դարձել Թուրքիան՝ ունենալով 20% մասնաբաժին և առաջ անցնելով Ռուսաստանից։ Թուրքիայից նավթամթերքի ներմուծումը կտրուկ ավելացել է․ ներկրվել է մոտ 61 մլն դոլարի արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 3.5 անգամ։
Միաժամանակ զգալիորեն նվազել են Ռուսաստանից ներկրման ծավալները և այդ երկրի մասնաբաժինը։ Առաջին վեց ամիսներին Ռուսաստանից ներմուծվել է մոտ 58 մլն դոլարի նավթամթերք, իսկ ՌԴ կշիռը նախկին 46%-ից նվազել է մինչև 19%։
Աճ է արձանագրվել նաև Իրանից և Բուլղարիայից իրականացված ներմուծումների դեպքում։
Նշենք, որ այս տվյալները վերաբերում են նավթամթերքի ընդհանուր ապրանքախմբին, իսկ առանձին՝ բենզինի և դիզելային վառելիքի ենթախմբերում երկրների մասնաբաժինները կարող են որոշ չափով տարբեր լինել։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից Ադրբեջան որևէ ապրանք չի արտահանվել․ արտահանման վերաբերյալ մաքսային վիճակագրությունում Ադրբեջանը նշված չէ։
2025 թվականի տարեվերջյան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ «առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում կլինի»։ Ըստ նրա «քաղաքական արգելքի» բացակայության պայմաններնում պետք է բիզնեսները «ինչ-որ բան» անեն։ 2026-ի ապրիլին Աղվերանում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպմանը զուգահեռ քննարկում է անցկացվել նաև Հայաստանի և Ադրբեջանի գործարարների միջև։
Օգոստոսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավոր տարբերակները։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ գործարարների քննարկումները վերաբերել են առևտրատնտեսական համագործակցության հարցերին։ Սակայն, չնայած Հայաստանի իշխանությունների այս և մյուս հայտարարություններին, փաստացի բանակցություններն առաջին կիսամյակում հայ արտահանողների համար որևէ արդյունք չեն ապահովել։
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները «ազդարարեցին», որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն՝ 977 տոննա դիզելային վառելիք։
Ապրիլին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե ՀՀ-ից Ադրբեջան է արտահանվել 960 դոլարի ապրանք՝ ծաղիկներ: Լուրը թարգմանել և տարածել են նաև հայկական լրատվամիջոցները։ Ավելի ուշ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հերքել է այդ տեղեկությունը։