COP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի

Բաժանորդագրվել

Հայաստանի կողմից ծախսերը հոգալու պարտավորությունը ամրագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների Երևան այցը ֆինանսավորելու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 93.5 մլն դրամ կհատկացվի։

Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ խոսքը «Առավել թույլ զարգացած երկրներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) մեկական՝ նախարարի մակարդակով պատվիրակի մասնակցության ծախսերի ֆինանսավորման մասին է։

Նրանք Երևան են ժամանելու COP17-ի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ը նախատեսված Բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։

Յուրաքանչյուր պատվիրակի համար նախատեսվում է վճարել ավիատոմսի և Երևանում առավելագույնը երեք օրվա գործուղման ծախսերը։

Հաշվարկներում մեկ ավիատոմսի միջին արժեքը սահմանվել է 2500 դոլար, իսկ Երևանում մեկ գիշերվա համար ՄԱԿ-ի սահմանած օրապահիկի և գիշերակացի չափը՝ 213 դոլար։

Հնարավոր փոխարժեքային տատանումների և ավիատոմսերի գների տարբերությունների համար հաշվարկվել է նաև 10% չնախատեսված ծախս։

Leave a comment