MediaHub-ն ուշադրության է արժանացրել կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված մի նախագիծ, որը միտված է խաղային բիզնեսի և բուքմեյքերային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանն ու հստակեցմանը։
Անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել նոր կարգեր, ըստ որոնց՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է վերահսկող մարմնին ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ։
Նախագծի համաձայն՝ հաստատվելու են հետևյալ ուղղությունները.
· Շահումով խաղեր. սահմանվելու են գործունեության մասին հաշվետվությունների ներկայացման նոր կարգն ու օրինակելի ձևաթուղթը (համաձայն N 1 և N 2 հավելվածների)։
· Ինտերնետ շահումով խաղեր. հստակեցվելու են առցանց տիրույթում գործող կազմակերպությունների ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջներն ու համապատասխան ձևաչափերը (համաձայն N 3 և N 4 հավելվածների)։
· Բուքմեյքերային գործունեություն. սահմանվելու է բուքմեյքերական ընկերությունների հաշվետվությունների ներկայացման նոր կարգն ու օրինակելի ձևաթուղթը (համաձայն N 5 և N 6 հավելվածների)։
Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել դեռևս 2011 և 2015 թվականներին ընդունված կառավարության նախկին որոշումները։ Գործադիրում նշում են, որ դրանցով կարգավորվող հարաբերություններն արդեն հնացել են և վերանայվել են՝ լիովին համապատասխանեցվելով օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին։
Ինչի՞ համար է սա արվում
Հեղինակների կանխատեսմամբ՝ այս նախագծի ընդունումն էականորեն կփոխի ոլորտի վերահսկողության պատկերը։ Մասնավորապես, այն հնարավորություն կտա.
· ապահովել վերահսկող մարմնի կողմից շարունակական և ռիսկահենք վերահսկողություն,
· ստանալ կազմակերպիչների գործունեության վերաբերյալ միասնական ու համադրելի տեղեկատվություն,
· բարձրացնել ամբողջ ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականության մակարդակը,
· ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական բազա՝ պետական քաղաքականության հետագա մշակման համար,
· ամրապնդել իրավական նախադրյալներ՝ վերահսկողական միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
Մարիաննա Արամյան