Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն առաջ է ընթանում շատերի սպասածից ավելի արագ, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեն՝ անդրադառնալով տարածաշրջան կատարած այցերին։
Կոնգրեսականը կանխատեսում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ ավելի շուտ, հայտնում է «Ազատությունը»:
Արիզոնայից ընտրված հանրապետական Համադեն, որը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի և Վետերանների հարցերով հանձնաժողովների անդամ է, Կոնգրեսում ակտիվորեն ներգրավվել է Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։
Նա նշել է, որ դեռ որոշ մարտահրավերներ կան, կան բանտարկյալներ, որոնց հայերը ցանկանում են վերադարձնել Ադրբեջանից։
«Այս բոլոր հարցերի շուրջ յուրաքանչյուր կողմ ունի իր տեսակետը։ Կարծում եմ՝ գործոններից մեկը, որը կօգնի, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն են, այլև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, որոնց նշանակությունը, իմ կարծիքով, վերջին շրջանում փոքր-ինչ թերագնահատվել է, սահմանի բացումն է։ Դեռևս 2022 թվականին երկու կողմերը համաձայնել էին բացել սահմանը՝ սկզբնական փուլում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դա դեռ չի իրականացվել։ Հույս ունենք տեսնել սահմանի բացումը, որպեսզի Հայաստանը առևտրի ևս մեկ ուղի ստանա՝ Ռուսաստանից, Վրաստանից կամ Իրանից բացի։ Ուստի պետք է ապահովենք Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը։
Պետք է նաև ապահովենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև TRIPP նախագիծը հաջողությամբ իրականացվի։ Բայց, կրկին, այս ամենից ընդամենը մեկ տարի է անցել, և պատմական չափանիշներով դա շատ կարճ ժամանակ է։ Ամեն ինչ լավ է ընթանում, երկու երկրների ղեկավարներն էլ մեծ ժողովրդականություն են վայելում իրենց երկրներում, և նրանց համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի աջակցությունը»,-ասել է նա հարցազրույցում:
Համադեն առաջարկվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը բնութագրել է որպես զուտ տնտեսական ծրագրից շատ ավելին՝ պնդելով, որ այն կարող է քաղաքական և տնտեսական առումով ավելի սերտորեն կապել Հայաստանն ու Ադրբեջանը՝ միաժամանակ Հարավային Կովկասը բացելով արևմտյան առևտրի և ներդրումների համար։
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության գործընթացի շրջանակում ներկայացված TRIPP-ը նախատեսում է երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներ, նավթի ու գազի հնարավոր խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի և էլեկտրաէներգետիկ նախագծեր։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում օգոստոսի 18-ին ընդունել էր ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեին։