«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են. «Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղեւոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում․ մարդիկ նեղանում են, ասում են թեկուզ կանգնած, շուտ տեղ հասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք ինչ վիճակ ա»:
Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց` ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, եւ անջատեց:
Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է` Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումից հետո:
Իշխանությունը նախ Ծառուկյանի հյուրանոցները, գործարանները, մարզահամալիրը խլեց, առգրավեց կենդանիներին, հիմա հերթը հասել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը: Միայն այն փաստը, որ պարեկները նույն հետեւողականությամբ չեն ստուգում եւ չեն տուգանում մյուս մարզերի, նաեւ Երեւանի վարորդներին, արդեն իսկ խոսում է քաղաքական հրահանգի մասին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում