Սպորտի ոլորտի միասնական տվյալների բազա կստեղծվի

Հասարակություն

Սպորտի ոլորտի միասնական տվյալների բազա կստեղծվի

Սպորտի ոլորտի միասնական տվյալների բազայի ստեղծումը կարող է աստիճանաբար դառնալ ոլորտի ռեգիստր եւ ծառայել վիճակագրության, քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, մոնիտորինգի և վերահսկողության համար։ 

  Հենց այդ նպատակով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունը նախագիծ է ներկայացրել։ 

Որոշման ընդունմամբ, ըստ հիմնավորման, հնարավոր կդառնա կենտրոնացված թվային հարթակի ստեղծումը, որը կծառայի որպես պետական միասնական գործիք սպորտի ոլորտում տվյալների հավաքագրման եւ պահպանման համար, ինչը հնարավորություն կտա ապահովել պատշաճ թափանցիկությունն ու վերահսկողությունը։ 

Աշխատանքների բնականոն և շարունակական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի 20 միլիոն 400 հազար դրամ։  

Ներկայումս սպորտի ոլորտում տվյալների հավաքագրումն ու պահպանումը ներկայումս հաճախ իրականացվում են տարբեր կազմակերպություններում՝ առանց միասնական տեղեկատվական համակարգի կիրառման։ Արդյունքում ձևավորվող տեղեկատվությունը հաճախ լինում է մասնակի, թերի կամ ժամանակին չթարմացված, ինչը սահմանափակում է տվյալների ամբողջականությունն ու հավաստիությունը։ 

Բացի այդ, տվյալների մշակման և փոխանակման գործընթացներում առկա ավելորդ վարչարարությունը, ժամանակատար ընթացակարգերը և թղթային փաստաթղթաշրջանառության գերակշռությունը նվազեցնում են կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը։ Վերոնշյալ խնդիրները վկայում են միասնական, կենտրոնացված և պետական մակարդակով ստանդարտացված Սպորտի կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, որը կապահովի տվյալների միասնական կառավարում, օպերատիվ հասանելիություն և ոլորտի արդյունավետ կառավարում։

Ծրագրի իրականացման ժամկետը նախատեսվում է ծրագրի մեկնարկից հետո 2026 թվականին չորս ամիս, իսկ մյուս մասը կիրականացվի 2027 թվականին։

 Ըստ հիմնավորման՝ բարձր նվաճումների սպորտի ոլորտի թվայնացումը հնարավորություն կտա ապահովել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների, մրցանակակիրների և հաղթողների վերաբերյալ տվյալների արագ հավաքագրումը, մշակումն ու գեներացումը։ Միաժամանակ, թվայնացումը կնպաստի մարզիկների արդյունքների վերլուծությանը, որոշումների կայացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և տվյալահեն կառավարման ներդրմանը։

 

 

Leave a comment