ԱՄԷ–ն մտադիր է 40 մլրդ եվրո ներդնել Գերմանիայի տնտեսության մեջ

Բաժանորդագրվել

Հայտարարված ներդրումների ընդհանուր ծավալից 10 մլրդ եվրոն նախատեսվում է ուղղել Բավարիայի տարածքում իրականացվող նախագծերին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Արաբական Միացյալ Էմիրությունները ծրագրում են 40 մլրդ եվրո ներդնել Գերմանիայի տնտեսության մեջ։ Ինչպես հայտնում է էմիրությունների WAM գործակալությունը, ծրագրերի մասին հայտարարվել է ԱՄԷ–ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանի` Գերմանիա կատարած պետական այցի ընթացքում։

Ներդրումները նախատեսվում է ուղղել երկու երկրների համար առանցքային ոլորտներին, այդ թվում՝ արդյունաբերությանը, առաջատար տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, թվային ենթակառուցվածքներին և էներգետիկային։

Հայտարարված ներդրումների ընդհանուր ծավալից 10 մլրդ եվրոն նախատեսվում է ուղղել Բավարիայի տարածքում իրականացվող նախագծերին։

Ինչպես նշում է WAM-ը, լայնածավալ ներդրումային ծրագիրը կոչված է ամրապնդելու ԱՄԷ-ի և Գերմանիայի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցությունը։ Աբու Դաբիում այն դիտարկում են նաև որպես գերմանական տնտեսության արդյունաբերական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի նկատմամբ վստահության ապացույց։

Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանը պետական այցով Գերմանիա է ժամանել սեպտեմբերի 9-ին։

Leave a comment