«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու նախագիծն ընդրկված է կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում։
Արձանագրության նպատակն է թարմացնել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային իրավական գործիքները՝ հաշվի առնելով վերջին տարիներին ի հայտ եկած նոր մարտահրավերները։
Մասնավորապես, գործող կոնվենցիան «ահաբեկչական հանցագործություն» հասկացության ինքնուրույն, համապարփակ սահմանում չի տալիս և հիմնվում է ՄԱԿ-ի շրջանակում ընդունված մի շարք միջազգային պայմանագրերի վրա։ Նոր արձանագրությամբ նախատեսվում է ձևակերպել ահաբեկչական հանցագործության համապարփակ համաեվրոպական սահմանում։
Փաստաթուղթը նաև հաշվի է առնում նոր տեխնոլոգիաների ի հայտ գալն ու դրանց հետ կապված ռիսկերը։ Նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչների հոսքը կանխելուն և զսպելուն։
Ըստ կառավարության հիմնավորման՝ արձանագրության ստորագրումը կնպաստի ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Արձանագրության նախագիծը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է 2025 թվականի հուլիսի 9-ին, իսկ ստորագրման համար այն բացվել է 2026 թվականի մայիսի 26-ին։ Կառավարության ներկայացրած տեղեկության համաձայն՝ այն արդեն ստորագրվել է ԵԽ անդամ 11 պետության և Եվրամիության կողմից։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Կոնվենցիայի բոլոր կողմերի համաձայնությունից երեք ամիս անց։ Եթե այդ կարգով այն ուժի մեջ չմտնի, ապա ստորագրման համար բացվելուց երեք տարի անց այն կգործի համաձայնություն տված պետությունների համար՝ պայմանով, որ վավերացված լինի Կոնվենցիայի կողմերի առնվազն երկու երրորդի կողմից։
Արձանագրության ստորագրումը կառավարությունը կապում է նաև ՀՀ 2021-2026 թվականների ծրագրի՝ անվտանգության և արտաքին քաղաքականության ուղղությունների հետ։
Հայաստանն արդեն իսկ վավերացրել է ահաբեկչության դեմ պայքարի մի շարք միջազգային փաստաթղթեր, այդ թվում՝ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունը։
Արփի Հակոբյան