ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը ներկայացրել է «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի» ստեղծման շարժառիթներն ու նպատակները՝ նշելով, որ դրա կազմում ընդգրկվել են ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, փաստաբաններ, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
«Երկու ամիս առաջ առանց որևէ հիմքի կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը և դրանից հետո տեղի ունեցած գործընթացները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական որևէ տրամաբանության չէին ենթարկվում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ այս ընթացքում հասարակության կողմից մեծ աջակցություն է եղել, ինչից հետո գաղափար է առաջացել ստեղծելու իրավունքների պաշտպանության աշխատանքային մարմին, որը կգործի առավել համակարգված և կանոնակարգված ձևով։
Բանախոսը հիշեցրել է, որ խորհրդի ձևավորման հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն ուղերձով է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար և կոչ անելով զբաղվել բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության հարցերով։
«Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած մեր հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ ոլորտը»,- ասել է Տոնոյանը:
«Բոլորն են հասկանում որ կալանավորված, կալանավորվող և կալանավորվելիք ընդդիմադիր գործիչնեչի դեմ հարուցված քերական գործերում իրավական բաղադրիչը 0 է և այստեղ գործ ունենք բացառապես քաղաքական վրեժխնդրության հետ»,-ասել է նա:
Տոնոյանը հիշատակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի դեմ «քաղաքական հաշվեհարդարը» սկսվել է այն բանից հետո, երբ, իր պնդմամբ, ԿԸՀ-ն ԲՀԿ-ին տրված մոտ 60 հազար ձայն է գողացել։
Իվետա Տոնոյանը նաև հայտարարել է, որ արդարությունը վերականգնվելու է, և վերականգնվելու է նաև Ծառուկյանի հեղինակությունը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի անդամ Էլինար Վարդանյանը պնդել է, որ Ծառուկյանի ազատության սահմանափակումն անմարդկային ձևով է իրականացվել, և եթե ՄԻԵԴ-ն անդրադառնա այդ հարցին, ապա Հայաստանի դեմ որոշում կկայացնի, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մարդը բացում է տան դռները խուզարկության որոշմամբ եկածների առջև, բայց նրան գետնում են, որպեսզի բերման ենթարկեն և ձերբակալեն։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ իշխանություններն անընդհատ զբաղված են Գագիկ Ծառուկյանի բարի համբավի և արժանապատվության նսեմացման գործողություններով` իրենց ելույթներով և այլն»,- նշել է Վարդանյանը։
ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձել է նաև Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ իրականացվող գործողություններին։ Նրա գնահատմամբ՝ սեփականության իրավունքի նկատմամբ ներկայում տեղի ունեցող գործընթացը ոչ միայն Հայաստանի ներքին խնդիրն է, այլև ազդեցություն է ունենում երկրի հեղինակության վրա։ Վարդանյանի խոսքով՝ նույն շեշտադրումները կիրառելի են նաև Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքերում, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է իշխանությունների որդեգրած որոշակի գործելակերպի մասին։ Նա պնդել է, որ Հայաստանում ռեպրեսիվ մեխանիզմ է գործում, որն ավելի մեծ թափ է հավաքում։
Խորհրդի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր հերթին նշել է, որ այսօր, իր գնահատմամբ, այնպիսի արժեքներ են ոտնահարվում, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց միավորվելու պատճառ են դարձել։ Նրա խոսքով՝ առկա է ավելի մեծ և կարևոր խնդիր, իսկ ներկայում լռելը նշանակում է համաձայնել և թույլ տալ, որ նման դեպքերը շարունակաբար կրկնվեն։
«Այս խեղված պոպուլիզմն ու խեղված ժողովրդավարությունը, որ մեզ մատուցվում է, պետք է գար իբրև թե պաշտպանելու նման արժեքներ (մարդու իրավունքներ, և այլն– խմբ․)։ ԵԽԽՎ-ի արժեքների մեջ է, կարծեք թե, մտնում խոսքի ազատությունը, մարդկանց ազատ գործունեությունը, բայց մենք այսօր լռություն ենք տեսնում, ինչն անընդունելի է»,- նշել է Թանդիլյանը։
Թանդիլյանը շեշտել է, որ իրենց պայքարն ուղղված է նաև Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությանը, որոնք, նրա բնորոշմամբ, ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլև հետապնդվում են էթնիկ պատկանելության պատճառով և բանտարկված են իրենց հայրենիքը պաշտպանելու համար։
Քաղաքական գործիչ, խորհրդի անդամ Բագրատ Եսայանն էլ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումները, իր գնահատմամբ, իրականացվում են սինխրոնացված ձևով։
«Պատահական չէ, որ ամենաշատը խոսվեց խուլ, կույր և համր ձևանալու եվրոպական վարքագծի մասին։ Եթե որևէ քաղաքական նշույլ ունեցող հետապնդում կամ քայլ ձեռնարկվեր նախորդ իշխանությունների կողմից, եվրոպական տարբեր դեսպաններ, դեսպանատներ, իրավապաշտպան կազմակերպություններ աղմուկ-աղաղակով կկոտրեին այն ժամանակվա իշխանության դռները»,- նշել է նա։
Եսայանը կարծիք է հայտնել, որ եվրոպական իշխող էլիտաները եվրոպական արժեքները դրել են աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։
Հուլիսի 6-ին Ծառուկյանը ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը՝ կալամավորվել: Կալանքի վերաբերյալ որոշումից րոպեներ անց ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է նրա ձերբակալման կադրերը: Տեսանյութում երևացել է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ներխուժել նրա առանձնատուն, 69-ամյա գործարարին 7-8 հոգով պառկեցրել գետնին, ապա ձեռնաշղթաներով դուրս բերել։
Ծառուկյանը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Մեկ այլ գործ էլ հարուցվել է վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ։ Այդ գործի շրջանակում Ծառուկյանի տնիվ առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ ու 1 վագր։ Դրանք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։