Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կարծիքով՝ Ռուսաստանը ներկայում մտադրություն չունի բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու հարցով, գրում է DW-ն։

«Այս պահին քիչ նշաններ կան, որ Ռուսաստանի կառավարությունն ու նախագահը պատրաստ են լուրջ խաղաղության բանակցությունների մեջ մտնել»,- ընդգծել է Մերցը Բեռլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ զրույցից հետո։

Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը դեռևս բոլոր միջոցներով փորձում է հասնել իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման, սակայն նման սցենարը մնում է անիրատեսական, քանի դեռ Ռուսաստանը հրաժարվում է երկխոսությունից։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար:

«Մենք հիանալի զրույց ունեցանք: Նա ցանկանում է համաձայնություն»,- ասել էր Թրամփը՝ մեկնաբանելով Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «շատ լավ» կլինի, եթե պարզվի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «նույնպես ցանկանում է համաձայնագիր»:

Թրամփի հատուկ  բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա կատարած հերթական այցից հետո Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինը վստահեցրել է Թրամփին Եվրոպայի դեմ «ագրեսիվ պլանների» բացակայության մասին:

Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնը վերսկսել է միջնորդությունը Կիևի և Մոսկվայի միջև՝ բանակցություններ սկսելու համար: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները նույնպես մասնակցել են Քուշների և Ուիթկոֆի հետ Ուկրաինայում կայացած հանդիպմանը: Փարիզի տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները հույս ունի բանակցություններ վարել Պետդումայի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 18-ից 20-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment