ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել (PAN.am)

Բյուրեղավանում վերցված խմելու ջրի բոլոր նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ հետազոտված 25 կենսանմուշներում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն արձանագրվել, հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից մի շարք քաղաքացիներ աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմել են բուժօգնության։

Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետները նմուշառումներ են իրականացրել։ Հետագա լաբորատոր հետազոտությունների նպատակով նմուշներ են վերցվել խմելու ջրից, իսկ հիվանդներից՝ կենսանմուշներ։

ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի նմուշառումներն իրականացրել է երկու փուլով։ Առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան մասնագետները վերցրել են խմելու ջրի ևս 19 նմուշ։

«Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment