Հայաստանի մարզերում և Երևանում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է նախարարության փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստում:
Նախարարության հաղորդմամբ՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է շնորհվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 5–7-րդ դարերի կոթողին և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի՝ մ.թ.ա. 2–1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանադաշտին։ Նույն կարգավիճակը ստացել են նաև Գեղարքունիքի Ջաղացաձոր գյուղի 9–18-րդ դարերի գերեզմանոցն ու 9–14-րդ դարերի չորս խաչքարերը։
Տեղական նշանակության հուշարձանների ցանկում ընդգրկվել են Ջաղացաձորի 17–18-րդ դարերի տապանաքարը, Երևանի Բագրևանդ 2/2 հասցեում տեղադրված «Վահագն» քանդակը (1988 թ.), Սպիտակի ռազմագերիների գերեզմանոցը և Գյումրու Ղորղանյան փողոցի՝ 19-րդ դարի վերջով թվագրվող բնակելի տունը։ Այդ ցանկում ներառվել են նաև Սյունիքի Վարդանիձոր գյուղի «Թխկուտ» գյուղատեղին, միջնադարյան եկեղեցին և 14–16-րդ դարերի գերեզմանոցը։
Հանձնաժողովը քննարկել է նաև Արարատի, Լոռու և Սյունիքի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների համար մշակված նախագծերը։ Դրանց շարքում ընդգրկվել են Արարատ գյուղի երեք ամրոց-բնակատեղիները, Մարցի կամուրջը, Շամուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին և գերեզմանոցը, Անգեղակոթի բնակատեղին, դամբարանադաշտերը, Սուրբ Վարդան եկեղեցին ու քարայր-կացարանը, ինչպես նաև Վահրավարի Կաքավաբերդ ամրոցը։
Ընդունելի գնահատված նախագծերն ուղարկվելու են համայնքների ղեկավարներին և տարածքային կառավարման պետական մարմիններին՝ համաձայնեցման նպատակով, որից հետո դրանք հաստատվելու են ԿԳՄՍ նախարարի կողմից։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Սյունիքի Վերիշեն գյուղատեղիի օգտագործման ծրագիրը։ Հուշարձանը թվագրվում է 4–5-րդ դարերից մինչև 20-րդ դարն ընդգրկող ժամանակաշրջանով։