Քաղաքականություն
10.09.2026 | 13:31
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «ArmPulse.am» կայքի՝ «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով տեսանյութի համար։ Ըստ հայցի՝ հոդվածում կատարված հրապարակային արտահայտությունները և ներկայացված փաստացի տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են, որոնք արատավորում են Հովիկ Աբրահամյանի պատիվը և արժանապատվությունը։
Կայքը հղում կատարելով «իր հավաստի տեղեկություններին», գրել է․
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր հետ փոխկապակցված անձինք խարդախության եղանակով խոշոր գումար են շորթել և ճնշում են գործադրել ՀՀ-ում գործող շաքարավազ ներմուծող ընկերություններից մեկի վրա։ Ավելին՝ անվտանգության աշխատակից են ուղարկել ընկերությանը պատկանող պահեստներից մեկը, որտեղ վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։ Խոսքը մեկ միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժած ընկերության տնօրենը մոտ օրերս դիմելու է իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրով, որպեսզի հարցը լուծվի իրավական դաշտում։ Նաև հայտնի է դարձել, որ տուժած ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բողոք ներկայացնել Հովիկ Աբրահամյանի դեմ»։
Նախկին վարչապետի անունից ներկայացված հայցադիմումում կողմը դատարանին խնդրում է պարտավորեցնել «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեսանյութում «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։ Մասնավորապես, ըստ հայցվորի՝ ՍՊԸ-ն պետք է «ArmPulse.am» կայքում և Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, հերքում հրապարակի հետևյալ բովանդակությամբ.
«Հերքում ենք «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով հոդվածում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ մեր կողմից կատարված արտահայտությունները՝ խարդախության եղանակով խոշոր գումար շորթելու և ճնշում գործադրելու մասին, հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:
Բացի հերքման տեքստից, Աբրահամյանը պահանջում է որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, ՍՊԸ-ից բռնագանձել 6 մլն դրամ։
Հայցադիմումը դատարան է ստացվել երեկ՝ սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանին։
Ռոզա Վարդանյան