ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հայաստանը 2029 թվականը դիտարկում է որպես վիզաների ազատականացման գործընթացի գործողությունների ծրագիրն ամբողջությամբ ավարտելու քաղաքական թիրախ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ այդ ժամկետում Հայաստանը պետք է կատարած լինի ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները, որից հետո որոշման կայացումը կանցնի եվրոպական կողմի դաշտ։

Սարգսյանը պնդեց՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե ենթադրում, այլ համոզված է, որ 2029 թվականին գործողությունների ծրագիրը պատշաճ ժամկետում և որակով կատարած կլինի։ 

«Առաջին զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից, ընդ որում՝ արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական, որովհետև Հայաստանը առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել»,-նշեց նախարարը։

Հատկապես առաջանցիկ է գնահատվել կենսաչափական համակարգի ներդրումը։ Նախարարի խոսքով՝ այն գործողությունները, որոնք նախնական պլանով պետք է գնահատվեին ավելի ուշ փուլերում, Հայաստանը պատրաստ կլինի ներկայացնել արդեն նոյեմբերի 1-ին։

«Այն, ինչ որ պիտի գնահատվեր, օրինակ, չորրորդ կամ հինգերորդ առաքելության շրջանակներում, այսօր արդեն կարող ենք փաստել, որ նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին կատարված կունենանք»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հենց սահմանների համալիր կառավարումն է պատճառը, որ որպես քաղաքական թիրախ ընտրվել է 2029 թվականը։ Այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան՝ կադրերի պատրաստումից մինչև ֆիզիկական և թվային ենթակառուցվածքներ։

Նախարարը նաև անդրադարձել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե դեռ վաղ է խոսել վիզաների ազատականացման կոնկրետ ժամկետների մասին։ Սարգսյանի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը Հայաստանում մանիպուլատիվ է ներկայացվել։

«Տիկին խոսնակի արտաբերած նախադասությունները մանիպուլատիվ կերպով են տեղ գտել մեր հանրային տիրույթում, որովհետև տիկին խոսնակը որևէ ձևով չի ժխտել կամ հերքել Հայաստանի հետ Եվրոպական միության ունեցած երկխոսության մասին կամ վիզաների ազատականացման հնարավորության մասին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանին ներկայացրել է 74 կետանոց գործողությունների ծրագիր, և այժմ գնդակը հայկական կողմի դաշտում է։

«Եվրոպական կողմը չի կարող գնահատել, նույն խոսնակը ևս չի կարող գնահատել մենք որ գործողությունը երբ պիտի ավարտենք։ Տվել են հայկական կողմին 74 կետանոց ծրագիր, ունեն երկու գնահատման օղակ՝ իրավական շրջանակ և ենթակառուցվածք, ասել են՝ հենց պատրաստ լինեք, կգանք։ Հենց պատրաստ լինենք, այո՛, կտան վիզաների ազատականացումը»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանելով  Factor TV-ի հարցին՝ ասել էր․ «Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք թեմաներ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն։ Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց ինչը կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»։ 

Արփի Հակոբյան

Leave a comment