ՀՀ իշխանությունները հերթական քայլն են կատարել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը պետական սեփականությանը հանձնելու ուղղությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզաբանում է գլխավոր յոթ հարցը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի իշխանությունները հերթական քայլն են կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100% բաժնետոմսերը պետական սեփականությանը հանձնելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 9-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ՝ ընկերության բաժնետոմսերի նկատմամբ բացառիկ՝ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք հետագայում օտարելու վերաբերյալ։ Քննարկումը կտևի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 24-ը։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հիմնական մանրամասները 7 հարցում.
1. Ինչ է առաջարկում կառավարությունը։
Իշխանություններն առաջարկում են ճանաչել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի հանրության գերակա շահը և գործարկել օտարման օրենսդրական ընթացակարգը: Ձեռքբերողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ գործընթացը կհամակարգի ՏԿԵՆ-ը։
Նախագծով սահմանվել են ժամկետներ. օտարման գործընթացի սկզբի սահմանային ժամկետ է նշանակվել 2027 թվականի մայիսի 1-ը, նպատակի իրականացման մեկնարկը՝ հուլիսի 1-ը, իսկ ավարտը՝ հոկտեմբերի 1-ը։
Որպես հիմնավորում նշվում են պետական և հասարակական անվտանգության ապահովումը, սպառողների պաշտպանությունը, անխափան էլեկտրամատակարարումն ու սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը։
Այս պահին խոսքը դեռևս նախագծի և ապագա ընթացակարգի մասին է. ՀԷՑ-ի բաժնետոմսերը դեռևս պետական չեն։
2. Ում են պատկանում ՀԷՑ-ի բաժնետոմսերը և որքան արժեն։
ՀԷՑ-ն ունի երկու բաժնետեր.
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին է պատկանում 172 496 բաժնետոմս (69,999959%),
Liormand Holdings Limited-ին՝ 73 927 բաժնետոմս (30,000041%):
Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տվյալների՝ երկու կառույցներն էլ վերջնականապես պատկանում են Սամվել Կարապետյանի ընտանիքին:
Ընկերությունն ունի ընդհանուր 246 423 սովորական անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 83,9 հազար դրամ է, իսկ բոլորինը միասին՝ մոտ 20,7 մլրդ դրամ (մոտ 56,86 մլն ԱՄՆ դոլար՝ ըստ ՀՀ ԿԲ սեպտեմբերի 9-ի փոխարժեքի)։ Սակայն սա շուկայական արժեքը չէ․ փոխհատուցման չափը պարզ կդառնա միայն օրենքով սահմանված կարգով անկախ գնահատում անցկացնելուց հետո։
3. Ինչպես պետությունը ստացավ ՀԷՑ-ն օտարելու հնարավորություն։
2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Էներգետիկայի մասին» օրենքում՝ ընդլայնելով լիցենզավորված էներգետիկ ընկերությունների գործունեությանը պետական միջամտության գործիքակազմը։
Մասնավորապես, հնարավորություն ստեղծվեց նշանակել ժամանակավոր կառավարիչ, ինչպես նաև սահմանվեց լիցենզիայի դադարեցման դեպքում գործողությունների մեխանիզմ։
Եթե սեփականատերերի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվում, որպես բացառիկ միջոց, թույլատրվում է սեփականության օտարում՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի հիման վրա։
4. Ինչ տեղի ունեցավ օրենքի փոփոխությունից հետո։
2025 թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) վարույթի շրջանակում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։
2025 թ. նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն դադարեցրեց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը՝ հիմքում դնելով օրենսդրության և լիցենզային պայմանների խախտումները, ֆինանսական ռեսուրսների կառավարման հարցերը։ Լիցենզիայի դադարեցումից հետո ժամանակավոր կառավարումը հանձնվեց պետությանը։
5. Փորձե՞լ է արդյոք պետությունը պայմանավորվել սեփականատերերի հետ։
Այո։ Նախքան հարկադիր օտարմանը դիմելը, օրենսդրությունը նախատեսում է սեփականատերերի հետ համաձայնության գալու փորձ։
2026 թվականի փետրվարի 17-ին ՀԷՑ-ի բաժնետերերին առաջարկվել էր օտարել 100% բաժնետոմսերը ի շահ Հայաստանի Հանրապետության։
Գործընթացն ուղեկցվել է դատական վեճերով, այդ թվում՝ լիցենզիայի դադարեցման և «Տաշիր Կապիտալի» փաթեթի օտարման պայմանների շուրջ։
Բաժնետերերի պատասխան առաջարկը կառավարությանը ներկայացվել էր 2026 թվականի մայիսի 22-ին, սակայն սահմանված ժամկետում համաձայնեցված օտարում տեղի չունեցավ, ինչից հետո իշխանություններն անցան հանրության գերակա շահի ճանաչման ընթացակարգին։
6. Ստուգե՞լ է արդյոք Սահմանադրական դատարանը նոր կանոնները։
Այո։ Պատգամավորների խումբը վիճարկել էր «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների դրույթները՝ կապված ժամանակավոր կառավարման և այլ կանխարգելիչ միջոցների հետ։
2026 թվականի մարտի 12-ին Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ պահպանելով դրանց իրավական ուժը։
7. Ինչպես է Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումը կապված ՀԷՑ-ի պատմության հետ։
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները ծավալվել են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մեկնարկին զուգահեռ։
2025 թ. հունիսի 17-ին Կարապետյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու մասին և նշել, որ եթե քաղաքական գործիչները չհաղթահարեն իրավիճակը, բիզնեսի ներկայացուցիչները «իրենց ձևով կմիջամտեն այս ամենին»։ Դրանից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանության զավթման հրապարակային կոչերի մեղադրանքով, և նա կալանավորվել էր։
Հունիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետությունը պետք է շատ արագ իր վերահսկողության տակ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և միջոցներ ձեռնարկի ազգայնացման ուղղությամբ՝ պատճառաբանելով էլեկտրամատակարարման որակով և հաճախակի անջատումներով։
Հետագայում Կարապետյանին մեղադրանքներ առաջադրվեցին նաև տնտեսական բնույթի հանցագործությունների համար (հարկերի վճարումից խուսափում, գույքի հափշտակում, փողերի լվացում)։ Նա մեղքը չի ընդունում, իսկ պաշտպանական կողմը հետապնդումը որակում է քաղաքականապես մոտիվացված։
2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի և գրավի, որը 2026 թվականի հուլիսին երկարաձգվել էր։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ մեղադրանքների մասով դատական քննությունը շարունակվում էր ըստ էության։