Google-ը 13 մլրդ եվրո (15.1 մլրդ դոլար) կներդնի Ֆինլանդիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Այս ներդրումը կդառնա տեխնոլոգիական հսկայի՝ Եվրոպայում իրականացրած ամենախոշոր միանվագ ներդրումը։
Նախագծի շրջանակում Google-ը 22 տարի ժամկետով էլեկտրաէներգիայի գնման համաձայնագիր է կնքել ֆիննական Fortum էներգետիկ ընկերության հետ, որի բաժնետոմսերը այս լուրի ֆոնին աճել են 9%-ով։ Alphabet և Google ընկերությունների նախագահ և ներդրումների գծով տնօրեն Ռութ Պորատը նշել է, որ ընկերությունը հպարտ է տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու համար։
«Այս ներդրումն ընդգծում է Google-ի՝ իր ներկայությունը պատասխանատու կերպով ընդլայնելու ձգտումը՝ տեխնիկական ենթակառուցվածքների զարգացումը համադրելով նոր էներգետիկ հզորությունների և էներգիայի հասանելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների հետ»,- հայտարարել է նա։
Արհեստական բանականության բումի պայմաններում Ֆինլանդիան դարձել է տվյալների մշակման կենտրոնների տեղակայման առանցքային հարթակ՝ հողատարածքների և էլեկտրաէներգիայի հասանելիության շնորհիվ։ Վերջին ամիսներին երկրում հայտարարվել են մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ 1.5 մլրդ եվրո (1.74 մլրդ դոլար) արժողությամբ և 110 մեգավատ հզորությամբ Pure DC տվյալային կենտրոնների համալիրի կառուցումը, ինչպես նաև Nebius-ի՝ Եվրոպայում արհեստական բանականության խոշորագույն գործարաններից մեկը ստեղծելու ծրագրերը։
Անշարժ գույքի շուկայի փորձագետներն արդեն Ֆինլանդիային անվանում են «Եվրոպայի Տեխաս»՝ ենթակառուցվածքների նկատմամբ հսկայական պահանջարկի պատճառով։
Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Google-ը Marvell Technology-ի հետ համաձայնագիր է կնքել Tensor պրոցեսորների էկոհամակարգի համար հատուկ չիպերի մշակման նպատակով։ Գործընկերության շրջանակում Marvell-ը որոնողական հսկայի համար թողարկել է շուրջ 12.2 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի գնման վարանտներ։ Այս լուրի ֆոնին Marvell-ի արժեթղթերի գինն աճել է 7%-ով, մինչդեռ Broadcom-ի բաժնետոմսերը նվազել են 5%-ով։
Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, հաղորդվել էր, որ Alphabet կորպորացիան ներկայացրել է Pixel 11 սմարթֆոնների նոր շարքը՝ Gemini արհեստական բանականության խորը ինտեգրմամբ։ Համակարգն ուղղակիորեն ներառված է Pro, Pro XL և Pro Fold մոդելների օպերացիոն համակարգում՝ տարբեր հավելվածներում առաջադրանքներ կատարելու համար։
Փորձագետները նշել են, որ նոր մոդելների թողարկումը տեղի է ունեցել Apple-ի Siri ձայնային օգնականի թարմացումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։