«Ազատություն»․ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է Դեյվիդ Ալենի Բաքու մեկնելու նպատակը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի Բաքու այցի վերաբերյալ, որտեղ վերջինս հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ, հայտնում է «Ազատությունը»:

«Քանի որ TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, այս վարչակազմի առաջնահերթությունը պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ աշխատել են Գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Բաքու այցի կազմակերպման ուղղությամբ՝ աջակցելու TRIPP-ի լիարժեք իրականացմանն ու ԱՄՆ-Հայաստան շրջանակային համաձայնագրով ստանձնած հանձնառություններին», – հայտնել են Երևանում ԱՄՆ դեսպանատնից:

Բաքուն հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման քայլերը, «Թրամփի ուղու» ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև TRIPP զարգացման ընկերության ստեղծումը:

Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները ամերիկացի դիվանագետի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն հրապարակել։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն ասել էր, որ ամերիկացի գործընկերներն իրենց պարբերաբար տեղեկություններ են տրամադրում հայ-ամերիկյան TRIPP նախագծի վերաբերյալ։

«Դա միանգամայն բնական է: Քանի որ այդ նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է: Մեզ հաղորդում են, որ աշխատանքը շարունակվում է: Ֆիզիկական աշխատանքների սկիզբը տեղափոխվել է 2027 թվական», – ասել է Ջեյուն Բայրամովը:

Բաքվում նախօրեին կայացած հանդիպման մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահ Սարգիս Խանդանյանը տեղեկացված չի եղել, սակայն Հայաստանում դիվանագիտական գործունեություն իրականացնող Ալենի այցը նրա համար անակնկալ չի եղել։

«Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ TRIPP-ը հնարավորինս արագ, արդյունավետ, որակյալ իրագործվի, որպեսզի իր կապը Նախիջևանի հետ կարճանա և ավելի արդյունավետ դառնա։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը ևս հետաքրքրվում է, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում TRIPP-ի շուրջ։ Էս հարցերը Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ էլ են քննարկում երկկողմ ֆորմատում, էստեղ պետք չի զարմանալ», – ասել է Սարգիս Խանդանյանը:

Հարց է բարձրացվել նաև՝ արդյոք Հայաստանը Միացյալ Նահանգներին լիազորել է Բաքվում քննարկելու իր տարածքով անցնող ճանապարհին վերաբերող հարցերը:

«Եկող շաբաթ մենք ունենք հյուրեր Գերմանիայից։ Ես պատրաստվում եմ նաև գերմանացի մեր գործընկերների հետ քննարկել TRIPP-ի մանրամասները։ Եվ ես լիազորություն չունեմ, կարիք չունեմ Միացյալ Նահանգներից ինձ լիազորման, որ խոսեմ էդ մասին», – նշել է ՔՊ-ական պատգամավորը:

Հայաստանը տարբեր փաստաթղթերով պարտավորություն է ստանձնել «TRIPP»-ով նաև անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու վերաբերյալ։ Թեև այդ փաստաթղթերում հիշատակվում են փոխադարձ առավելությունները, Բաքուն արդեն մեկ տարի է չի շտապում հստակեցնել՝ արդյոք հայաստանցիների անցման համար նույնպես նույն պայմաններն են գործելու։ Հարց է առաջացել՝ Երևանը պնդո՞ւմ է փոխադարձության սկզբունքը։ Իսկ այն, թե ինչ մոդել և տեխնիկական հագեցվածություն է ունենալու ադրբեջանական կողմը, Սարգիս Խանդանյանը երկրորդական է համարել:

«Իհարկե, շատ լավ կլինի, որ դա լինի հնարավորինս արագ և արդյունավետ»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե ինչու է այդ հարցն Ադրբեջանի համար կարևոր, իսկ Հայաստանի համար՝ երկրորդական, պատգամավորը պատասխանել է․ «Դե, Ադրբեջանը, ինչպես նշեցի, ուզում է ավելի կարճ և արդյունավետ կապվել իր տարածքի մեկ այլ հատվածի հետ՝ Նախիջևանի հետ: Բայց մեր համար էլ է դա լավ, մենք էլ ենք ուզում, որ այդ ճանապարհը լինի հնարավորինս արագընթաց և առանց լրացուցիչ բարդությունների»։

TRIPP կառուցման աշխատանքներով զբաղվելու է հենց TRIPP-ի զարգացման ընկերությունը։ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ համաձայնագիրն արդեն հասել է վավերացման փուլ։ Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ հայ-ամերիկյան այդ ընկերությունում առաջին 50 տարվա ընթացքում Հայաստանն ունենալու է 26 տոկոս, իսկ Ամերիկան՝ 74 տոկոս մասնաբաժին։

Leave a comment