ՀՀ կառավարությունը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթի սեփականության օտարման գործընթացն ավարտել 2027 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ մասին ասվում է կառավարության որոշման նախագծում։
Հանրային քննարկման դրված նախագծով սահմանվել է, որ սեփականության օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետը 2027-ի մայիսի 1-ն է։ Օտարման հետ կապված գործողությունների համակարգման և դրանց համար պատասխանատվության լիազորությունը վերապահվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նախագծում նաև արձանագրվել է, որ բաժնետոմսերը համաձայնեցված ընթացակարգով օտարելու առաջարկը ՀՀ կառավարությունը ներկայացրել է դեռ այս տարվա փետրվարի 17-ին։ Նախագծի հեղինակների համաձայն՝ սահմանված ժամանակահատվածում ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետերերից որևէ արձագանք չի ստացվել։ Դրանից հետո ՀՀ կառավարությունը որոշել է մեկնարկել օտարման գործընթացը։
Նշվել է նաև, որ արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը կազմել է 20 մլրդ 674 մլն 889 700 դրամ։
Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու դիմաց սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է 380, 000 դոլար։ Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին՝ նախկին կառավարության խնդրանքով, և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել դրա արդիականացման նպատակով։ Կարապետյանն առաջարկված գումարի չափն անընդունելի է գնահատել, ինչի հետևանքով բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ճանաչել հանրության գերակա շահ։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարել է, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։