Apple ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Ջոն Թերնուսը, պաշտոնում իր գործունեության ընդամենը երկրորդ շաբաթում, հանրությանն է ներկայացրել iPhone-ի արտաքին տեսքի ամենառադիկալ փոփոխությունը սմարթֆոնի գոյության գրեթե 20-ամյա պատմության ընթացքում։ Թիմ Կուկին փոխարինած Թերնուսը ընկերության ամենամյա շնորհանդեսի ժամանակ ազդարարեց Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնի՝ iPhone Duo-ի թողարկման մասին։
Գրքի ձևաչափ ունեցող Duo-ն հանդիսանում է ընկերության պատմության մեջ ամենամեծ և միևնույն ժամանակ ամենաթանկ iPhone-ը․ ԱՄՆ-ում դրա արժեքը կազմելու է 1999-ից մինչև 3199 դոլար։ Թերնուսի փոխանցմամբ՝ նոր մոդելի դիզայնը ներշնչված է iPad-ի հնարավորություններից, սակայն ծալվող սմարթֆոնի ֆունկցիոնալությունը նա անվանել է «ճկուն և բացարձակապես ինտուիտիվ»։
Բացված վիճակում iPhone Duo-ն հիշեցնում է փոքր iPad, իսկ ծալված վիճակում վերածվում է լայն էկրանով սմարթֆոնի։ Ներկայացման ընթացքում Ջոն Թերնուսն ընդգծել է, որ Apple-ի ինժեներները ձգտել են խուսափել շուկայում առկա մրցակիցների սխալներից․
«Մրցակիցների արտադրանքը հաճախ նման է իրար միացված երկու առանձին հեռախոսների, ինչի պատճառով ավելի լայն էկրանն ընկալվում է որպես շատ ավելի փոքր։ iPhone Duo-ն մի շարք ակնառու նորարարությունների արդյունք է, որոնք, հույս ունենք, նորովի կսահմանեն ծալվող սմարթֆոններից օգտվելու փորձառությունը»։
Apple-ի մասնագետները ծալվող մոդելի մշակման վրա աշխատել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս թանկարժեք սմարթֆոնի թողարկումը առաջին լուրջ փորձությունն է Ջոն Թերնուսի համար՝ ցույց տալու ընկերությունը տեխնոլոգիական նոր դարաշրջան առաջնորդելու իր կարողությունը։