«Խաղաղության համաձայնագրի համար Սահմանադրության փոփոխությունները պարտադիր են»․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Երևանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումն ուղղակիորեն կախված է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումից:  

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ․

«Հայաստանից ստանում ենք տարբեր ազդակներ հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է գալիս նոր հայտարարություններով իր ծրագրերի մասին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ այդ քայլերն անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս պնդումն հերթական անգամ հակասում է Հայաստանի իշխանությունների այն հավաստիացումներին, թե սահմանադրական գործընթացը բացառապես ներքին օրակարգային հարց է և որևէ կապ չունի Բաքվի պահանջների հետ։  

Թեև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախկինում հայտարարել էր, թե երկկողմ բանակցություններում Ադրբեջանը պաշտոնական պահանջ չի ներկայացրել, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը որակել էր «զուտ հայկական օրակարգ», հետագայում հայկական կողմն ստիպված եղավ ընդունել, որ Բաքուն ակտիվորեն «գործիքայնացնում» է սահմանադրական հարցը։  

Ավելին, Հայաստանի ղեկավարության կողմից արդեն առաջարկվել է նոր Մայր օրենքից հանել 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը։ Այս հղման վերացումը հենց այն առանցքային պահանջն է, որը Բաքուն դնում է որպես նախապայման։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment