Սեպտեմբերի 5-7-ը հայկական 11 ապրանքանիշ մասնակցել է Եվրոպայի նորաձևության խոշորագույն ցուցահանդեսներից մեկին՝ «Who’s Next Paris 2026»-ին՝ ներկայանալով ավելի քան 45,000 այցելուների, այդ թվում՝ միջազգային գնորդների, բազմաբրենդային խանութների ներկայացուցիչներին և էլեկտրոնային առևտրի առաջատարներին։
Մասնակցությունը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրականացվել Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
«Սա մաս է կազմում հայկական բիզնեսին աջակցելու շարունակական ջանքերի՝ ուղղված մրցունակության ամրապնդմանը, արտահանման կարողությունների զարգացմանը և միջազգային շուկաներ դուրս գալուն»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։
«Who’s Next»-ը նորաձևության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որը հավաքում է ավելի քան 50,000 այցելու և 1,500-ից ավելի ապրանքանիշ աշխարհի շուրջ 100 երկրներից։ Փարիզի Porte de Versailles ցուցասրահում միաժամանակ անցկացվել է նաև Salon International de la Lingerie-ն՝ կանացի սպիտակեղենի և լողազգեստների միջազգային առաջատար միջոցառումը։