Նիկոլ Փաշինյանի «բեմականացումներն» ու շոուները վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը

Այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա ու Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այդ այցը չհամեմեր քարոզչական էժանագին էլեմենտներով հենց այցի մեկնարկից։ Նա Ֆրանսիա մեկնեց սովորական չվերթով ու էկոնոմ դասով, մյուս քաղաքացիների հետ նստած միևնույն սրահում։ Իհարկե քարոզչության ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ դրա նկարահանումն ու հանրությանը մատուցելն էր, հակառակ դեպքում էկոնոմ դասով մեկնելու որևէ իմաստ չէր լինի։ Բնականաբար նմանատիպ յուրաքաչնյուր շոու ունի իր նկատակն ու թիրախը։ Թիրախը սեփական ընտրազանգվածն է, նպատակը՝ «դե մեր տղեն ա, էլի» տխմար ու ապաքաղաքական տրամաբանության մեջ մնալը։

Իհարկե նման «դերասանությունները» թողնում են որոշ չափով անհրաժեշտ տպավորություն, թեպետ առավել քան վստահ եմ, որ այդ տեսարաններով հիացողների մեծ մասը երբեք չի եղել Եվրոպայում, մի մասն էլ ընդհանրապես ինքնաթիռ չի նստել, ճիշտ այնպես, ինչպես այսօր դեպի ԵՄ ինքնամոռաց ձգտողների մեծամասնությունը ոչ մի անգամ Հայաստանի սահմաններից դուրս չի եկել։ Բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ թեպետ իրենք ինքնաթիռ չեն նստում, բայց իրենց փոխարեն նստում է «իրենց տղեն»։

Սակայն եթե այդ ընտրազանգվածը գործնականում ոչ մի խնդրի չի բախվում, քանի որ իրենց «այցելությունները» հիմնականում տեղի են ունենում ավտոբուսներով ու գյուղից գյուղ այցելելով, խնդրի առջև են կանգնում բոլոր նրանք, որոնք այնուամենայնիվ օգտվում են ինքնաթիռից։

Հանրության լայն շրջանակների պատկերացմամբ՝ երկրի ղեկավարի անվտանգության միջոցառումները պայմանավորված են միայն տվյալ անձով, սակայն իրականում այդ միջոցառումների իրական նկատակը ոչ միայն պետության ղեկավարի, այլև հասարակության անվտանգության ապահովումն է այն տարածքում, որտեղ որ գտնվում է այդ ղեկավարը։

Օրինակ՝ որքան էլ նա դուրս եկած լինի «ժողովրդի ծոցից», որքան էլ նա իրեն համարի մեկը նրանցից, որքան էլ նրան համարեն «իրենց տղեն», անթույլատրելի է, որ այդ «տան տղեն» ապրի բազմաբնակարանային շենքում, որովհետև այդպիսով հնարավոր չի լինի ապահովել նրա անվտանգությունը։ Բայց դա դեռ մեդալի մի երեսն է, հաջորդն այն է, որ դրանով նա կվտանգի ընդհանրապես շենքի բնակիչների անվտանգությունը։ Որովհետև եթե Աստված մի արասցե, որոշվի մահափորձ իրականացնել նրա դեմ, հավանականությունը շեշտակի մեծանում է, որ նրա փոխարեն կամ նրա հետ միասին կտուժեն բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։

Իսկ նման դեպքեր պատմության մեջ շատ են եղել։ Հիշենք թեկուզ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը, երբ պայթեցրեցին մի ամբողջ փողոց։ Այդ պայթյունի հետևանքով Հարիրիից բացի զոհվեց ավելի քան 20 մարդ, վիրավորվեցին՝ ավելի քան 200-ը։

Հիմա երբ Նիկոլ Փաշինյանը պողոսներին միտված քարոզչական շոուներով Ֆրանսիա մեկ մեկ այլ երկիր է մեկնում էկոնոմ դասով, դրանով նա ոչ միայն զրկում է իր անձի անվտանգությունը լիարժեք ապահովելուց, այլև վտանգում է այն քաղաքացիներին, որոնք ո՛չ պետական կառավարման հետ կապ ունեն, ո՛չ էլ տվյալ այցի։ Այդ մարդիկ պարզապես մեկնում են Ֆրանսիա ու պարտավոր չեն իրենց անձը վտանգել հանուն նրա, որ ինչ-որ մեկը նույն թռիչքի ժամանակ որոշում է «ներկայացումներ բեմականացնել»։ Կա՞ որևէ երաշխիք, որ չի գտնվի մեկը, թեկուզ ոչ պլանավորված, թեկուզ լինելով հոգեպես անհավասարակշիռ, բայց չի փորձի օգտվել ստեղծված իրավիճակից։

Իհարկե, նմանատիպ թռիչքների ժամանակ բոլոր ուղևորներին մանրամասն ստուգում են, բայց անվտանգության ոչ մի միջոցառում չի կարող ունենալ 100 տոկոսանոց երաշխիք։ Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին սպանվեց նախընտրական հավաքի ժամանակ։ Այդ հավաքի մասնակիցները նույնպես ստուգվել էին, սակայն դա չխանգարեց, որպեսզի մարդասպանը նրան պայթեցնի ծաղիկ նվիրելու միջոցով։

Հնդկաստանի մեկ այլ վարչապետ՝ Ինդիրա Գանդին, Ռաջիվ Գանդիի մայրը, ավելի վաղ սպանվել էր հենց իր թիկնապահների կողմից, որոնք պարտավոր էին ապահովել նրա անվտանգությունը։

Հետևաբար Նիկոլ Փաշինյանը իր այս «դերասանություններով» ռեալ վտանգ է առաջացնում այլոց համար, որոնք ոչ մի ցանկություն չունեն լինելու այդ «բեմականացման» մասնակիցները։

Կարեն Կարապետյան

Leave a comment