Որքանո՞վ են պատրաստ Հայաստանի քաղաքացիները արտակարգ իրավիճակներին

Սեպտեմբերի 9-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր։

Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը առաջին օգնության գիտելիքների և հմտությունների կարևորության վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար, ինչպես նաև նպաստել դրանց հասանելիությանը յուրաքանչյուրի համար։

 

Հայաստանում ևս կարևոր է առաջին օգնության գիտելիքների տարածումն ու անվտանգ վարքագծի ձևավորումը։ Արտակարգ իրավիճակներում ճիշտ և ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը կարող է վճռորոշ լինել մինչև մասնագիտացված բուժօգնության ժամանումը։ Իսկ որքանո՞վ են Հայաստանի քաղաքացիները պատրաստ նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու։

 

Առաջին օգնության մասնագետ Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին քաղաքացիների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը նկատելիորեն աճել են։

 

«Պատրաստակամությունը բարձր է, որովհետև վերջին տարիների ընթացքում, երբ սկսեցինք սիրտ-թոքային վերակենդանացման ծրագիրն իրականացնել անվճար հիմունքներով, մասնակցության ցուցանիշը շատ բարձր էր։ Տարբեր համալսարաններից, քոլեջներից, տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ մոտեցել են և մոտենում են այդ ծրագրին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Հովհաննիսյանը։

 

Չնայած առաջին օգնության վերաբերյալ իրազեկվածության աճին՝ քաղաքացիները դեռևս որոշ իրավիճակներում սխալ քայլեր են կատարում։ Մասնագետի խոսքով՝ նախկինում տարածված որոշ կոպիտ սխալներ այսօր համեմատաբար նվազել են, սակայն մի շարք սխալ պատկերացումներ շարունակում են պահպանվել։

 

«Օրինակ՝ ուշագնացության ժամանակ բոլորը մտածում են, որ պետք է անգիտակից վիճակում գտնվող մարդու ոտքերը բարձրացնել, և բոլոր իրավիճակներում, անկախ նրանից՝ դա անհրաժեշտ է, թե ոչ, սկսում են ոտքերը բարձրացնել։ Քթից արյունահոսության ժամանակ էլ գլուխը հետ են տանում կամ սխալ տեղից են քթանցքները փակում՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Մի քանի բան կա, որոնց դեպքում դեռևս սխալ քայլերը շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։

 

Վթարի, ուշագնացության կամ այլ արտակարգ իրավիճակի ականատես լինելիս առաջին և ամենակարևոր քայլերից մեկը իրավիճակը ճիշտ գնահատելն է։ Սակայն նույնիսկ անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդը կարող է նման պահին խուճապի մատնվել և չկարողանալ ճիշտ կիրառել սովորածը։

 

«Նույնիսկ գիտելիք ունեցող մարդը, ով փորձ չունի, բայց անցել է դասընթաց կամ որոշակի բաներ հիշում է, արտակարգ իրավիճակի դեպքում կարող է խառնվել, խուճապի մատնվել և ունեցած գիտելիքն այդ պահին մոռանալ կամ չկողմնորոշվել։ Իսկ նրանք, ովքեր գիտելիք չունեն, կարող են ավելի սխալ քայլերի դիմել։ Դրա համար միշտ ցանկալի է, որ այն մարդիկ, ովքեր վերապատրաստված են, փորձ ունեն և տարբեր իրավիճակներում գործելու հմտություններ են ձեռք բերել, նվազագույն առումով խուճապի չմատնվեն»,- ասաց մասնագետը։

 

Առաջին օգնության մշակույթի ձևավորման գործում կարևոր դեր ունեն ոչ միայն մասնագիտացված կառույցները, այլ նաև դպրոցները, բուհերը, համայնքները և հասարակական կազմակերպությունները։ Գուրգեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կրթական համակարգում առաջին օգնության վերաբերյալ գիտելիքներ փոխանցվում են, սակայն հաճախ դրանք մնում են տեսական մակարդակում։

 

«Դպրոցներում, համալսարաններում անցնում են առաջին բուժօգնության կանոնները, բայց՝ մակերեսային։ Տեսական գիտելիք միգուցե տրամադրվում է, բայց գործնական մասը որոշ տեղերում բաց է մնում։ Ցանկալի կլիներ, որ այն լիներ առաջնային դերում, և ոչ թե սպասենք, որ դեպք լինի ու նոր պատրաստվենք, այլ հենց մանկապարտեզից ու դպրոցից սկսած՝ առաջին օգնության գիտելիքները և հմտությունները դառնան կրթության կարևոր մաս»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment