«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության արժեքն աճել է 13․4 մլն դրամով (PAN.am)

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպումն այս տարի հարկատուների համար 13․4 մլն դրամով կամ մոտ 37 հազար դոլարով ավելի թանկ կարժենա:

ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառման կազմակերպման պայմանագիր է կնքել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության հետ՝ նախատեսելով վճարել 143 մլն 997 հազար դրամ կամ մոտ 395 հազար դոլար, հայտնում է Factor.am-ը:

Ծառայությունը ձեռք բերելու համար անցկացվել է բաց մրցույթ, որին մասնակցել է միայն «Դոմինո վիդեո փրոդաքշնը»։ Նույն ընկերությունը հաղթել է նաև 2025 թվականի մրցանակաբաշխության կազմակերպման մրցույթում։

2025 թվականին միջոցառումն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ 2026 թվականի մրցանակաբաշխության անցկացման վայր է ընտրվել «Մերիդիան» էքսպո կենտրոնը։

Երկու տարիներին էլ հիմնական խոշոր ծառայությունների արժեքները մնացել են նույնը։ Տարածքների ձևավորման համար նախատեսվել է 8․5 մլն դրամ, նախամուտքի կահավորման համար՝ 7 մլն, բեմահարթակի կահավորման համար՝ 22 մլն, տեխնիկական հագեցվածության համար՝ 27 մլն դրամ։ 1200 անձի հյուրասիրությունը գնահատվել է 5․5 մլն, իսկ լազերային շոուն՝ 2․5 մլն դրամ։

Միաժամանակ բարձրացել է հրավիրատոմսերի տպագրության արժեքը։ Եթե 2025 թվականին 1200 անձի համար այն կազմել է 2․4 մլն դրամ, ապա 2026 թվականին 1000 անձի համար նախատեսվել է 3 մլն դրամ։ Աճել է նաև ընկերության հոնորարը՝ 6 մլն 989 հազար դրամից հասնելով 7 մլն 450 հազար դրամի։

«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերն ու ղեկավարը Աշոտ Առաքելյանն է։ Նրան է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը, որի իրական շահառու է գրանցվել Առաքելյանի կինը՝ Ռուզաննա Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Աշոտ Առաքելյանի ընկերությունը հակամրցակցային գործունեության համար պատասխանատվության է ենթարկվել։ 2013 թվականին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1 տոկոսի չափով։ Այդ տուգանքը, սակայն, չի սահմանափակել ընկերության հետագա մասնակցությունը պետական գնումներին։ Վերջին տարիներին «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ը շարունակել է հաղթել բազմամիլիոնանոց պետական մրցույթներում։

Leave a comment