Թուրքիայի առաջին հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցի արտահանող ընկերությունը՝ «ULAQ Global»-ը, համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկայում։
Ռիադում անցկացված «World Defense Show 2026» ցուցահանդեսի շրջանակում «ULAQ Global Autonomous Systems»-ը և Սաուդյան Արաբիայի «SAMI Autonomous Company»-ն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցների համատեղ նախագծում, մշակում, արտադրություն, համակարգերի ինտեգրում և տեխնիկական սպասարկում։
Համաձայնագիրը նախատեսում է նաև տեխնոլոգիաների փոխանցում և տեղական արտադրության կազմակերպում Սաուդյան Արաբիայում։ Սա տվյալ ոլորտում երկու երկրների միջև ստորագրված առաջին նման համաձայնագիրն է և համահունչ է Սաուդյան Արաբիայի «Vision 2030» ծրագրին, որի նպատակն է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
«ULAQ Global»-ի տնօրենների խորհրդի անդամ Քերեմ Քալաֆաթօղլուն նշել է, որ համագործակցությունը կարևոր քայլ է ինչպես ընկերության, այնպես էլ Թուրքիայի ռազմարդյունաբերության համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում ընդլայնել իր գործունեությունը և հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցներ արտահանել համաշխարհային շուկա։
Քալաֆաթօղլուն նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են նոր և ավելի լայնածավալ ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ։