Արմավիրի մարզում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով իրականացված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել է հսկող դատախազին։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և մյուսների համար տեսանելի ձևով ցուցադրել է ընտրական տեղամասում գտնվող անձանց։ Դրանից հետո նա նշված քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: