Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում

ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն ունի։ Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։   Այս մասին ասվում ընկերության հաղորդագրության մեջ։

«Պարոն Գրիգորյանը մեզ է միանում՝ ՝ ունենալով կառավարության բարձրագույն մակարդակներում աշխատանքի մեծ փորձ և ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկարամյա կարիերա»,- ասվում է հայտարարության մեջ, որում ներկայացվում են նաև նրա զբաղեցրած պաշտոնները։

Ընդգծվում է, որ Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը Հարավային Կովկասի վրա ազդող ամենաբարդ հարցերի շուրջ աշխատանքն է եղել, այդ թվում՝ երկխոսության, բանակցությունների, տարածաշրջանային անվտանգության, հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ ջանքերը։

Այս փորձն արդեն նպաստում է PMCG-ի աշխատանքին։ Գրիգորյանը ներգրավված է TRIPP-ի  իրագործելիության գնահատման գործընթացում։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու բարգավաճման ավելի լայն հնարավորությունների խթանմանը։

Նշվում է, որ պետական ծառայությունից դուրս էլ Գրիգորյանը շարունակել է ակտիվորեն զբաղվել հետազոտություններով, քաղաքականության վերլուծությամբ և ակադեմիական գործունեությամբ։

Policy and Management Consulting Group-ը միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է անցումային և զարգացող երկրներին աջակցելու գործում։ PMCG-ն փոխկապակցված կազմակերպությունների խումբ է, որը գործում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական միասնական ցանց՝ ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment