Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես.

Բաթոյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում:

2006 թ․ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2008 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Մասնակցել է Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» դասընթացին (2012 թ․, ԱՄՆ):

1999-2014 թթ. եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր: 2007-2017 թթ.՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018 թթ.՝ «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2014-2018 թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» (Disability Info) տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017 թթ.՝ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ։

2017-2018 թթ.՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018-2019 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: 2019-2020 թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

2021-2026 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակ): ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

2026 թ․ հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Արժանացել է «Ներառման խթանում» մրցանակին (2016 թ., ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի գրասենյակի կազմակերպած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն):

«Անմոռուկ» (2014 թ.), «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար…» (2022 թ.) բանաստեղծական ժողովածուների և մի շարք հետազոտությունների հեղինակ է:

Ամուսնացած չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment