Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին լավ հայտնի են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։
«Դրա վառ օրինակներն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նաև նշվում է, որ գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը ևս նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության նախագիծը տարեվերջին կներկայացվի հանրությանը», – ասել է Բայրամովը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Բայրամովը անդրադարձել է նաև TRIPP նախագծին։
«TRIPP-ի նման նախագծերում մասնակցում են տարբեր կողմեր, հիմնական բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին. «Դա միանգամայն բնական է, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության այդ ծրագրի իրականացումն անհնար է։ Մեզ տեղեկացնում են, որ աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիկական աշխատանքների մեկնարկը տեղափոխվել է 2027 թվական։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ այս ծրագիրն իրականացվի, այնքան լավ։ Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին»:
Բայրամովը չի բացառել առաջիկայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նոր հանդիպման հնարավորությունը։ Նա նշել է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները կանոնավոր բնույթ են կրում։
«Մեր վերջին հանդիպումը կայացել է Բիշքեկում։ Հենց այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք երկկողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտության մասին», -հայտարարել է Բայրամովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի