ԱՄՆ-ը 4 մլրդ դոլարի ռազմական վարկ է տրամադրել Լեհաստանին

Լեհաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել Foreign Military Financing ծրագրով Վարշավային 4 միլիարդ դոլարի չափով վարկային երաշխիքներ տրամադրելու մասին։

«Փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Անջեյ Դոմանսկին, Ժողովրդական տնտեսության բանկի վարչության նախագահ Միրոսլավ Չեկայն ու Ժողովրդական տնտեսության բանկի վարչության առաջին փոխնախագահ Մարտա Պոստուլան ստորագրել են Լեհաստանի և ԱՄՆ-ի միջև Foreign Military Financing ծրագրի շրջանակում ֆինանսավորման մասին համաձայնագիրը»,- ասված է Լեհաստանի ՊՆ X-ի էջում արված հաղորդագրության մեջ։ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ սա արդեն վեցերորդ վարկային համաձայնագիրն է Foreign Military Financing-ի գծով ամերիկյան սպառազինություն գնելու համար։ Վարկի գումարը կկազմի 4 միլիարդ դոլար, հստակեցրել է ստորագրման արարողությանը ներկա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով Թոմաս Դինանոն։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի դիվանագետի խոսքով, Վաշինգտոնի կողմից Վարշավային տրամադրված ռազմական վարկերի գումարը հասել է 20 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ն Լեհաստանի հիմնական պաշտպանական գործընկերն է։ Վարշավան ամերիկյան կողմից գնում է F-35 կործանիչներ, 96 Apache AH-64 հարվածային ուղղաթիռներ, ավիացիոն հրթիռներ, Abrams տանկեր, ինչպես նաև Patriot ՀՕՊ համակարգեր։

Leave a comment