ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է

Մոլդովայի հետ սահմանին գտնվող «Ստարոկոզաչյե» միջազգային ավտոմոբիլային անցակետին ռուսական  հարվածի հետևանքով երկու է մարդ զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին  հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը,  գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարվածի պահին զոհվածներն ու տուժածները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսներով տարհանվել է անվտանգ տարածք։ Կիպերը հավելել է, որ ռուս զինվորականները հարձակման համար կիրառել են հարվածային անօդաչու սարքեր։

Վնասվել են շինություններ, ոչնչացվել են ավտոբուսներ, բեռնատարներ և մարդատար ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որը, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, արդեն մարվել է։  Տեղի ունեցածի մասին տեղեկացվել են Մոլդովայի իշխանությունները։

Սա Մոլդովայի հետ սահմանին գտնվող առաջին անցակետը չէ, որին  Ռուսաստանը  հարվածել է 2026 թվականի օգոստոսի սկզբից։ Ավելի վաղ հարձակման էին ենթարկվել «Վինոգրադովկա» միջազգային ավտոմոբիլային անցակետը և «Տաբակի» ավտոմոբիլային անցակետը։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս սեպտեմբերի 9-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, S8000 «Բանդերոլ» դրոն-հրթիռներ և 196 հարվածային անօդաչու սարքեր, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 165-ը։

Բացի Օդեսայի մարզից, ռուս զինվորականները հարձակվել են նաև Ուկրաինայի այլ շրջանների վրա։ Կիևում անօդաչու սարքը հարվածել է Դառնիցկի շրջանում գտնվող 16-հարկանի շենքին։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ավելի ուշ նա հայտնել է, որ Կիևի վրա առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորվել է հինգ մարդ։ Ոստիկանությունը նշել է, որ վիրավորների թվում կա հղի կին։

Դնեպրում երեք մարդ տուժել է։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ, ինչպես նաև շինանյութերի պահեստ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment