Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են սփյուռքի ոլորտում համագործակցության հուշագիր

Թուրքիան և Ադրբեջանը Անկարայում ստորագրել են համագործակցության թարմացված հուշագիր, որն ուղղված է արտերկրում գործող սփյուռքյան կառույցների գործողությունների համակարգմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեի ղեկավար Ֆուադ Մուրադովը և Թուրքիայի արտերկրի թուրքերի և հարակից համայնքների վարչության (YTB) պետ Աբդուլհադի Թուրուսը։ Արարողությունը տեղի է ունեցել Անկարայում մեկնարկած Մահմեդական սփյուռքների առաջին համաժողովի ընթացքում, որին մասնակցում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունները։

Համաձայնագրով նախատեսվում է ակտիվացնել տեղեկատվության ու փորձի փոխանակումը, իրականացնել պատվիրակությունների փոխադարձ այցեր, ինչպես նաև կազմակերպել համատեղ միջոցառումներ և գիտաժողովներ։ ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ սա 2018 թվականին ստորագրված համանման փաստաթղթի թարմացված տարբերակն է, որը նոր հիմք է ստեղծում միջազգային հարթակներում երկու երկրների համայնքների համակարգված գործունեության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment