Ավինյան․ Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական

Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ավինյանի գնահատմամբ՝ Աջափնյակի մետրոյի ծրագրում «առաջընթաց կա»:

«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», – ասել է քաղաքապետը։

Քաղաքապետի խոսքով՝ առաջին փուլում պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որի ինժեներները կիրականացնեն տեխնիկական վերահսկողությունը։ Դրանից հետո նախատեսվում է ընտրել մետրոյի շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությանը։

«Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք», – նշել է Ավինյանը։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է ծրագրում ռուսական կողմի ներգրավումը, քաղաքապետը հաստատել է, որ դիտարկվել են նաև ռուսական ընկերություններ, սակայն թե դրանցից կամ մյուս թեկնածուներից որն է ընտրվելու՝ «դա ցույց կտա կյանքը»։

Ավինյանը լրագրողների հարցերին պատասխանել է Երևանի մաքրման աշխատանքների համար ձեռք բերված նոր հատուկ տեխնիկան՝ ձեռքի փոշեկուլները, ներկայացնելու ընթացքում։

Սեպտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ քննարկվել է «Աջափնյակ» կայարանի շինարարությանը ռուսական կողմի մասնակցության հարցը։

«Իրենք մեծ փորձ ունեն էստեղ, և ուրախ կլինենք, որ իրենք էդ հարցում մեզ աջակցեն», – ասել էր Փաշինյանը։

«Աջափնյակ» կայարանի կառուցումը տարիներ շարունակ եղել է գործող իշխանությունների խոստումներից մեկը։ Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այն անվանել է քաղաքապետարանի թիվ մեկ ծրագիրը, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այս տարվա խորհրդարանական ընտրությունների ծրագրով խոստացել է մինչև 2031 թվականը միայն սկսել շինարարությունը, իսկ աշխատանքների ավարտը նախատեսել է մինչև 2033 թվականը։

Leave a comment