Քաղաքականություն
09.09.2026 | 12:23
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նովոռոսիյսկին։ Հարձակումը սկսվել է սեպտեմբերի 8-ի երեկոյան և շարունակվել է ամբողջ գիշեր։ Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ «անօդաչու թռչող սարքի բեկորներ» են ընկել ձեռնարկությունների տարածքների և բնակելի շենքի մոտ, գրում է Meduza-ն։
Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամ ալիքները հաղորդում են, որ Նովոռոսիյսկի նավահանգիստը հարվածի տակ է հայտնվել։ Մասնավորապես, հրդեհ է գրանցվել մազութի տերմինալում։ Այս տեղեկատվությունը հաստատվում է Astra-ի լրագրողների վերլուծությամբ։ Նաև հաղորդվում է, որ որ հարձակման հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Նովոռոսիյսկում գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է 29 մարդ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Նա նաև հայտնել է, որ վնասվել է երեք տուն, հինգ բնակելի շենք, մեկ եկեղեցի և մանկապարտեզ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Օրենբուրգի, Ռոստովի, Սամարայի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի և Սև ծովի վրա ուկրաինական 596 ԱԹՍ-ների խոցման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի