Անտառային հրդեհ Անթալիայում․ տարհանվել է ավելի քան 700 բնակիչ

Թուրքիայի Անթալիա նահանգի հյուսիսային Աքսու շրջանի գյուղական բնակավայրերում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 720 բնակիչ և ավելի քան 250 տնտեսություն։  

Ավելի քան մեկ օր մոլեգնող կրակի դեմ պայքարը շարունակվում է ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։ Աղետի գոտում աշխատում է ավելի քան հազար մասնագետ, ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա։ Հնարավոր զոհերից ու վնասվածքներից խուսափելու նպատակով իշխանությունները որոշում են կայացրել չորս թաղամասերից արտակարգ կարգով տարհանել կրակի տարածման վտանգավոր գոտում գտնվող բնակիչներին։  

Անթալիայի անտառային տնտեսության վարչության մասնագետներից զատ՝ հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև հարևան Կոնիա, Իսպարտա և Բուրդուր նահանգների իրենց գործընկերները։ Հրդեհի հետևանքով վնասվել են բջջային կապի ենթակառուցվածքները, ինչի պատճառով տարածաշրջան են ուղարկվել շարժական բազային կայաններ։ Բացի այդ, շարքից դուրս են եկել էլեկտրական ցանցերը, ինչի հետևանքով ավելի քան 2,6 հազար բաժանորդ մնացել է առանց հոսանքի։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment