ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքը կարող է դառնալ 250,000 դրամ, հրաժարվելունը՝ 1․5 մլն դրամի

ՀՀ քաղաքացիություն ստանալը կարող է ավելի բարդ և էականորեն թանկ դառնալ։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկել է քաղաքացիություն ստանալու համար ամրագրել Հայաստանում օրինական բնակության և փաստացի գտնվելու պահանջներ, խստացնել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգումը, իսկ պետական տուրքը 50 հազար դրամից հասցնել 250 հազար դրամի։ Քաղաքացիությունից հրաժարվելու համար գործող 150 հազար դրամի փոխարեն առաջարկվել է սահմանել 1․5 միլիոն դրամ, գրում է «Հետքը»:

Նախարարությունը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է քաղաքացիության ինստիտուտի «բովանդակային վերաիմաստավորմամբ»։

Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին ավելացել է այն անձանց թիվը, որոնք Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չեն ունեցել, երբևէ չեն գտնվել կամ երկար ժամանակ չեն բնակվել Հայաստանում, սակայն ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ այդ թվում ճանապարհորդական կամ այլ գործնական առավելություններից օգտվելու նպատակով։

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 110,219 մարդ։ Նրանցից 108,002-ը ստացել են «099» ծածկագրով անձնագիր։ Նախարարությունը հիմնավորման մեջ նաև արձանագրել է, որ վերջին 15 տարվա տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 250 հազար մարդ, որոնց մեծ մասը, գերատեսչության գնահատմամբ, երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։

Նոր նախագծի հիմքում դրվել է այն մոտեցումը, որ քաղաքացիությունը չպետք է վերածվի պարզապես հայկական անձնագիր ստանալու միջոցի։ Պետությունը նպատակ է դրել քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կապել Հայաստանի հետ իրական կապի առկայության հետ։

Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար սահմանել օրինական բնակության պահանջ։ Դրանից բացի՝ նախատեսվում է նաև երկրում որոշակի ժամանակահատված փաստացի գտնվելու պայման։ Այսպիսով՝ միայն փաստաթղթերով Հայաստանի հետ կապի առկայությունն այլևս բավարար չի համարվի։ Քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին անհրաժեշտ կլինի նաև ֆիզիկապես գտնվել Հայաստանում։

Միաժամանակ ազգությամբ հայերի համար նախատեսվում է առավել պարզեցված կարգավորում։ Նախագծի հեղինակները դա պայմանավորել են Սահմանադրության այն դրույթով, որն ազգությամբ հայերին քաղաքացիություն ձեռք բերելու հատուկ հնարավորություն է ընձեռել։ Այդուհանդերձ, նույնիսկ այս պարագայում նախատեսվում է Հայաստանի հետ առնվազն որոշակի իրական կապ ունենալու պահանջ։

Փոփոխությունների մեկ այլ առանցքային ուղղություն է դարձել «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի ստուգումը։ Ներկայում ազգությունը հաստատելու նպատակով ներկայացվում են օրենքով սահմանված փաստաթղթեր։ Նախագիծը հեղինակած նախարարությունը, սակայն, եզրակացրել է, որ միայն առանձին փաստաթղթերի առկայությունը ոչ միշտ է հնարավորություն տալիս վստահորեն հաստատել անձի հայկական ծագումը։

Հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվել նաև կեղծված կամ փոփոխված փաստաթղթերին։ Նախարարության տվյալներով՝ արձանագրվել են դեպքեր, երբ ազգությամբ հայերի համար սահմանված պարզեցված կարգից օգտվելու նպատակով փաստաթղթերում ծնողի, տատի, պապի կամ այլ ազգականի ազգությունը փոփոխվել կամ նշվել է «հայ»։

2023-2026 թվականներին բացահայտվել է նման 71 դեպք։ Եթե 2023 թվականին արձանագրվել է 5 դեպք, ապա 2024 թվականին դրանց թիվը կազմել է 21, 2025-ին՝ 26, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 19 դեպք։

Նախագծով նախատեսվում է ձևավորել հատուկ հանձնաժողով, որը պետք է գնահատի՝ արդյոք ներկայացված տվյալները բավարար են անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու համար։ Հանձնաժողովի աշխատանքի կարգն ու լիազորությունները սահմանելու է կառավարությունը։

Փոփոխություններ են առաջարկվում նաև քաղաքացիություն շնորհելուց հետո գործընթացի ավարտի մասով։ Գործող համակարգով նախագահի հրամանագրից հետո անձը պետք է մասնակցի երդման արարողությանը, սակայն հստակ սահմանված չէ, թե որ պահից է հրամանագիրն իրավական ուժ ստանում։ Նախագծով այս հարցը հստակեցվել է՝ հրամանագիրն ուժի մեջ է մտնելու անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից։ Դրա համար անձին տրամադրվելու է մեկ տարի։

Եթե նախագահի հրամանագիրն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում անձը չներկայանա երդման արարողությանը և չստորագրի երդման տեքստը, հրամանագիրն ուժի մեջ չի մտնի։ Նախագծով նախատեսվում է նաև, որ երդման արարողությունն անցկացվելու է բացառապես Հայաստանի տարածքում։

Հիմնավորման համաձայն՝ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ անձը նախագահի հրամանագրից հետո տարիներ շարունակ չի ներկայացել երդման արարողությանը։ Դրա հետևանքով անորոշ է մնացել՝ տվյալ անձն ընդհանրապես ցանկանո՞ւմ է ավարտել քաղաքացիություն ստանալու գործընթացը, թե՞ ոչ։ Առանձին դեպքերում անգամ հնարավոր չի եղել բացառել անձի մահացած լինելու հանգամանքը։ Հետևաբար առաջարկված մեկ տարվա ժամկետը կոչված է վերացնելու այդ անորոշությունը։

Ավելի էական փոփոխություն է առաջարկվել քաղաքացիությունից հրաժարված անձանց համար։ Ներկայում քաղաքացիությունից հրաժարվելուց հետո օրենսդրությամբ նվազագույն ժամկետ սահմանված չէ, որի ընթացքում անձը չի կարող կրկին վերականգնել ՀՀ քաղաքացիությունը։ Նախագծով առաջարկվել է սահմանափակել այդ հնարավորությունը։

Առաջարկվում է քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի շարունակ չտրամադրել քաղաքացիությունը վերականգնելու հնարավորություն։

Նախարարությունն այս սահմանափակման անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ անձինք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, իսկ կարճ ժամանակ անց փորձել են այն վերականգնել։

Հիմնավորման մեջ որպես օրինակ ներկայացվել է նաև այն իրավիճակը, երբ ծնողը հրաժարվել է քաղաքացիությունից՝ արական սեռի երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու կամ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու կամ դրանց կատարումը հետաձգելու նպատակով, իսկ ավելի ուշ փորձել է վերականգնել քաղաքացիությունը և կրկին օգտվել դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից։ Այսպիսով՝ պետությունը փորձել է բացառել քաղաքացիության կարգավիճակն իրավիճակային նպատակներով օգտագործելու հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է էապես փոխել քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու արժեքը։

Հիմնավորման համաձայն՝ քաղաքացիություն ձեռք բերելը կամ դրանից հրաժարվելը սովորական վարչական գործողություն չի համարվում, քանի որ դրա հետևանքով ձևավորվում կամ դադարեցվում է պետության և անձի միջև երկարաժամկետ իրավական կապ։

Նախագծով փոփոխվել են նաև քաղաքացիություն շնորհելու հարցում Հանրապետության նախագահի դերակատարության վերաբերյալ գործող մոտեցումները։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հստակեցնել քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերը և սահմանել, որ իրավասու պետական մարմինների եզրակացությունները պետք է պատճառաբանված լինեն։ Այսինքն՝ անհրաժեշտ է ներկայացնել այն փաստական հանգամանքներն ու ռիսկերը, որոնց հիման վրա եզրակացվել է, որ անձին քաղաքացիություն շնորհելը կարող է վտանգ ներկայացնել պետական կամ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը, այլոց իրավունքներին կամ պաշտպանվող այլ արժեքներին։ Սակայն քաղաքացիություն չշնորհելու մասին նախագահի հրամանագիրը կարող է չներառել մերժման հիմքերի հիմնավորումը։

Նախարարությունը նման մոտեցումը պայմանավորել է պետական և օրենքով պաշտպանվող գաղտնի տեղեկությունների հնարավոր առկայությամբ։ Եթե քաղաքացիություն չշնորհելու հիմքում գաղտնի տեղեկություններ են, դրանց հրապարակումը, հիմնավորման համաձայն, կարող է վնաս հասցնել պետական կամ հանրային անվտանգությանը։

Այսպիսով՝ պատճառաբանությունը պետք է ներառված լինի վարչական վարույթի նյութերում և իրավասու մարմնի եզրակացության մեջ, սակայն պարտադիր չի լինելու այն ամբողջությամբ ներկայացնել քաղաքացիություն չստացած անձին վերաբերող նախագահի հրամանագրում։

Նախագծում միաժամանակ առանձնահատուկ ընդգծվել է նախագահի հայեցողական լիազորությունը։ Ըստ այդ մոտեցման՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հայեցողական որոշումը չի կարող փոփոխվել վարչական կամ դատական կարգով։ Սակայն դա դատական վերահսկողության ամբողջական բացառում չի նշանակի։ Դատարանը կարող է ստուգել, օրինակ, օրենքի և ընթացակարգերի պահպանումը, փաստերի պատշաճ պարզումը, նախագահի կողմից հայեցողության սահմանները չգերազանցելը և լիազորությունն օրենքով նախատեսված նպատակին համապատասխան կիրառելը։

Փոփոխության է ենթարկվելու նաև քաղաքացիությանը վերաբերող որոշումների ընդունման գործող համակարգը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները քննող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։

Նախարարության գնահատմամբ՝ այդ հանձնաժողովը գործնականում էական լրացուցիչ արդյունք չի ապահովել։ Բացասական որոշումների վերանայման կամ վարչական մարմնի նախնական դիրքորոշման փոփոխության դեպքեր, ըստ հիմնավորման, գրեթե չեն արձանագրվել։ Դրա փոխարեն նախատեսվում է ստեղծել ավելի մասնագիտացված հանձնաժողով՝ մեկ կոնկրետ խնդրի լուծման՝ անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու նպատակով։

Նախարարությունը հայտարարել է, որ առաջարկված փոփոխությունների նպատակն է ամրապնդել քաղաքացիության ինստիտուտի «իրավական նշանակության և հանրային արժեքի» ընկալումը։ Փաստացի առաջարկվում է համակարգ, որի պայմաններում Հայաստանի քաղաքացի դառնալու համար անձից պահանջվելու է Հայաստանի հետ ավելի սերտ իրական կապ, իրականացվելու են ավելի շատ ստուգումներ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար վճարվող գումարը զգալիորեն բարձրանալու է։

Leave a comment