Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է մեկ ժամ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մտքեր են փոխանակել Սպիտակ տան բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների վերաբերյալ:


 


Ռուսական կողմի տվյալով՝ Պուտինը հստակեցրել է, թե ինչ կարող են անել ամերիկացիները՝ ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման համար:


 


Ուշակովի խոսքով՝ Թրամփը ցանկանում է իր նախագահության ընթացքում առաջընթաց տեսնել ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ։ Նա շեշտել է պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը, ինչը կարող է հեռանկարներ բացել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման համար: Պուտինն էլ աջակցություն է հայտնել կառուցողական գործընկերություն կառուցելու՝ Թրամփի տրամադրվածությանը։ Կրեմլի ղեկավարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի:


 


Նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ թվում՝ հումանիտար հարցերով:


 


ՊԵՍԿՈՎԸ՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ


 


Ռուսաստանը վստահ է, որ կհաղթի Ուկրաինայի դեմ հակամարտությունում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը պնդել է, որ ռուսական ուժերը հաջողություններ են գրանցում, այնուհանդերձ պատրաստ են Ուկրաինայի հետ խաղաղության, և դա, ըստ Պեսկովի, կախված է Կիևից: ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է՝ Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն: «Սակայն Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանան բանակցային գործընթացի ձգձգմանը զուգընթաց։ Իսկ բանակցություններին եվրոպական ներկայացուցիչների մասնակցությունը կարող է բարդացնել գործընթացը», – կարծիք է հայտնել Պեսկովը։


 


Ռուսաստանի արտգործնախարարն էլ վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ շփումները՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան կողմի դիրքորոշումը: «Նախագահ Թրամփը և նրա թիմը ճանաչում են գետնին ստեղծված իրավիճակը: Մոսկվայում դա դրական արձագանք է առաջացնում», – մանրամասնել է Սերգեյ Լավրովը: Նա հավելել է՝ նաև կա ընկալում, որ Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:


 


ՀԱՋՈՐԴ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԱՇՆԱՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ


 


Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում կամ Շվեյցարիայում՝ աշնանը: Նրա խոսքով՝ նաև մտադիր է սեպտեմբերի երկրորդ կեսին հանդիպել Դոնալդ Թրամփի հետ: Օրակարգային հիմնական հարցը պետք է լինի Հանրապետության օդային պաշտպանությունը:


 


Խոսելով Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ Զելենսկին տեղեկացրել է, որ ամերիկյան խաղաղության փաթեթը «շատ լավ» նոր գաղափարներ է պարունակում: «Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այդ առաջարկները կհաջողվի իրականացնել և արդյունքի հասնել։ Կիևը կուսումնասիրի դրանք և կձևավորի սեփական դիրքորոշումը», – հավելել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին պնդել է, որ Կիևը բանակցային ամուր դիրքում է, իսկ Ռուսաստանը մեծ կորուստներ է տանում և չնչին ձեռքբերումներ ունի:


 


Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Մոսկվայի հետ՝ հացահատիկի և էներգիայի արտահանման հարցերում, որոնք ամենասուրն են երկու կողմի և ամբողջ աշխարհի համար էլ:


 


Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ամերիկյան թիմի առաջնային նպատակներից են ձմռանն ընդառաջ իրավիճակի լիցքաթափման տարբերակներ գտնելը և Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների վերսկսմանը նպաստելը: Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում, հնարավոր է, Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի:


 


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ


 


Ռուսաստան և Ուկրաինա Սպիտակ տան բանագնացների այցի ֆոնին հայտարարված ժամանակավոր մասնակի հրադադարն ավարտվել է, ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով կրկին հարվածել են Կիևին, հրդեհներ են բռնկվել, կան զոհեր և վիրավորներ: Հարվածներ են հասցվել նաև Օդեսային:


 


Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերն ուկրաինական 384 ԱԹՍ խոցելու մասին: Թիրախում է եղել այդ թվում Մոսկվայի շրջանը: Ղրիմում, Բրյանսկի, Բելգորոդի մարզերում կան զոհեր և վիրավորներ: Քաղաքացիական անձինք են տուժել Սարատովում:


 


Այս ֆոնին Գերմանիան պատրաստվում է հնարավորինս արագ սեփական պաշարներից հակաօդային պաշտպանության հրթիռներ տրամադրել Կիևին՝ պաշտպանելու Ուկրաինայի երկինքը հատկապես ձմռանը: Բեռլինը նաև կշարունակի այլ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումները: Մեծ Բրիտանիան էլ 135 միլիոն դոլար կհատկացնի՝ Հանրապետության պաշտպանությունն ամրապնդելու համար։


 


ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՌԴ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՊԱՏՆԵՇԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ


 


Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը։ Մետաղական ցանկապատի վրա տեղադրված են տեսախցիկներ, լույսեր և բարձրախոսներ։ Շինարարությունն արժեցել է 356 միլիոն եվրո։ Սպասարկման ծախսերը, ենթադրաբար, կկազմեն տարեկան 1,5 միլիոն եվրո։ Ցանկապատն անցնում է երկրի 17 համայնքով՝ Լապլանդիայից մինչև Ֆիննական ծոցի ափ։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ արգելապատնեշի նպատակն է կանխել Ֆինլանդիա անօրինական մուտքն ու, այսպես կոչված, ուղղորդված միգրացիան:


 


Նշվում է, որ Ֆինլանդիայում պատնեշի կառուցման մասին առաջարկները սկսել են քննարկվել դեռ 2022 թվականի աշնանը, երբ Ռուսաստանում հայտարարված զորահավաքից հետո ընդամենը մի քանի օրում մոտ 17,000 ռուսաստանցի հատեց երկրի սահմանը: Շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի գարնանը։


 


Լատվիան, Լիտվան և Էստոնիան ևս նմանատիպ պատնեշներ են կառուցում՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին:


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Leave a comment