Ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո Բելգիայի խոշորագույն՝ Բրյուսելի միջազգային օդանավակայանը վերականգնել է ուղիղ միջազգային արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը։ Գերմանական Deutsche Bahn ընկերության ICE արագընթաց գնացքն առաջին չվերթն է իրականացրել Քյոլնից դեպի Անտվերպեն՝ ճանապարհին կանգառ կատարելով անմիջապես օդանավակայանի տերմինալի տակ գտնվող կայարանում։
Այս երթուղին Brussels Airlines ավիաընկերության և Deutsche Bahn-ի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի գործնական արդյունքն է։ Նոր համակարգը Արևմտյան Գերմանիայից ժամանող ուղևորներին հնարավորություն է տալիս մեկ միասնական տոմսով օգտվել ինչպես երկաթուղային փոխադրումից, այնպես էլ Բրյուսելից իրականացվող ավելի քան 180 ավիաուղղություններից։ Նմանատիպ համակցված չվերթների դեպքում ուղևորներին տրամադրվում է նաև չվերթների ուշացման ապահովագրություն և տրանզիտի երաշխիք։
Բրյուսելի օդանավակայանի գլխավոր տնօրեն Արնո Ֆեյսթի փոխանցմամբ՝ արագընթաց երկաթուղային ցանցի ինտեգրումը կարևոր քայլ է օդանավակայանը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց զարգացնելու ճանապարհին․
«Մենք ձգտում ենք ուղևորներին առաջարկել կայուն և արդյունավետ տարբերակներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ հատել պետական սահմաններն ու հասնել օդանավակայան»,- նշել է Ֆեյսթը։
Ամենօրյա գրաֆիկով նախատեսված է Քյոլնի և Անտվերպենի միջև երկու երթուղու իրականացում։ Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն վաճառվել է ավելի քան 1000 համակցված տոմս, որոնցից ամենապահանջված ուղղություններն են Նյու Յորքը, Ակրան և Ալիկանտե: