Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև Տումաննայա գետի վրայով բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը, որն արդեն իսկ շահագործման է հանձնվել։ Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները նոր ենթակառուցվածքն անվանել են երկու երկրների միջև խորացող ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների ակնառու ապացույց։
Մոսկվայի փոխանցմամբ՝ նոր կամուրջը նախատեսված է բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար և կարող է թողունակությունն ապահովել օրական մինչև 300 ավտոմեքենայի համար՝ լրացնելով արդեն իսկ գործող երկաթուղային և օդային հաղորդակցությունը։
Միևնույն ժամանակ, միջազգային փորձագիտական շրջանակները նշում են, որ Ռուսաստանի հետ ավտոմոբիլային կապի հաստատումը և Չինաստանի ուղղությամբ կառուցվող նոր անցումը լուրջ տնտեսական ու ռազմավարական հնարավորություններ են բացում արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Փհենյանի համար։ Կյոննամ համալսարանի պրոֆեսոր Լիմ Ըլ Չհոլի գնահատմամբ՝ երկու ցամաքային զարկերակների առկայությունը ԿԺԴՀ-ին թույլ է տալիս առավելագույն օգուտներ քաղել Մոսկվայի ու Պեկինի հետ համագործակցությունից և Վաշինգտոնին ազդակ հղել, որ պատժամիջոցների մեղմացման կարիք այլևս չունի։
Ուկրաինական Truth Hounds իրավապաշտպան խումբն իր հերթին ահազանգում է, որ ավտոմոբիլային նոր կամուրջը կարող է ծառայել որպես ուղիղ երթուղի հյուսիսկորեական ռազմական անձնակազմի, շինարարական բրիգադների ու սպառազինության՝ դեպի Ռուսաստան տեղափոխման, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ռուսական տեխնոլոգիաների ու ռեսուրսների մատակարարման համար։